
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) մտահոգությունն է հայտնել Արագած լեռան տարածքում հրազենով շրջող անձանց առկայության մասին պարբերաբար բարձրաձայնվող տեղեկատվության առնչությամբ։
Արագած լեռան շրջակայքում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ FPWC դիմած պետական կառույցների խնդրանքով հիմնադրամի աշխատակիցները տարածքում օրերս իրականացրել են զննման աշխատանքներ։ Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ միասին տարածք այցելած FPWC մասնագետները տեղանքում հայտնաբերել են կենդանու թարմ հետքեր, արջի որջ և հավաքագրել են այլ անհրաժեշտ տեղեկատվություն։ Նշված տարածքը հանդիսանում է արջի ապրելավայր։
Տեղանքում տեղադրվել են նաև թաքնված տեսախցիկներ, որոնց միջոցով կուսումնասիրվի կենդանու վարքը և հավաքագրված տեղեկատվության հիման վրա կքննարկվեն հետագա անելիքները։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել տեղանքում գիշատիչ կենդանու առկայության մասին իրազեկող վահանակի տեղադրման գործում, ինչպես նաև հիմնադրամը հայտնում է, որ կա անհրաժեշտություն քննարկելու նշված ուղին որպես զբոսաշրջային կիրառելու նպատակահարմարության հարցը, ինչը կարող է արվել միայն մասնագիտական խմբի կողմից։
Գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Գորշ արջի որսը թույլատրված չէ և պատժելի է օրենքով։ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքով Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի որսի և (կամ) ոչնչացման դեպքում կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը սահմանված է 1 000 000 դրամ։




