
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Բարձրաստիճան հյուրերին ուղեկցում էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, որ ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:

Սինգապուրի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Սինգապուրի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան: ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ներկայացրեց թանգարանային ցուցադրությունը, Հակոց ցեղասպանության պատմության մանրամասները:

Փոխտնօրեն Աբրահամյանը շեշտադրումներ արեց նաև 19-20-րդ դարերում Սինգապուրում հայկական գաղթօջախի պատմությունից, մասնավորապես անդրադարձավ այնտեղ բնակվող հայերի աջակցությանն ինչպես 1890-ականների հայկական կոտորածների, այնպես էլ 1915 թ. ցեղասպանության հետևանքով կարիքավոր հայրենակիցներին: Սինգապուրի հայ համայնքը ի դեմս Սարգիս և Հակոբ Արաթունների տեղեկացված լինելով Օսմանյան կայսրությունում ապրող իրենց հայ եղբայրների կրած զրկանքների մասին, դրամական զգալի աջակցություն են ցուցաբերել նրանց օգնության կազմակերպման համար:

«1915թ-ի ողբերգական իրադարձություններից հետո, հայ ժողովուրդն ապացուցել է, որ ունի մեծ ուժ եւ տոկունություն։ Միշտ վայելեք խաղաղությունը, լինեք ապահով ու ներդաշնակ»,- Պատվավոր հյուրերի հուշամատյանում գրել է վարչապետ Լի Սյեն Լունը։

ՀՑԹԻ տնօրենը Սինգապուրի առաջնորդին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ:




