ԿարևորՀասարակություն

Ակնալճում բացվել է աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը

Այսօր Հայաստանի Ակնալիճ գյուղում տեղի է ունենում եզդիական տաճարի (Quba heft merê dîwanê u Tawûsê Melek) բացման հանդիսավոր արարողությունը:

Կոթողը կառուցվել է ռուսաստանաբնակ եզդի բարերարների և եզդիական համայնքի ջանքերով և շատ կարևոր նշանակություն ունի աշխարհի տարբեր ծայրերում ապրող եզդիների համար: Այն աշխարհի ամենամեծ եզդիական սրբավայրն է:

Եզդիական տաճարի բացմանը ներկա են գտնվել նաեւ ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ միրզոյանը, պաշտոնատար անձինք։

«Սիրով մասնակցեցի եզդիական «Թաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» տաճարի օծման արարողությանը»,-գրել է ԱԺ խոսնակը։

«Խորհրդանշական և տրամաբանական եմ համարում, որ աշխարհում ամենամեծ եզդիական տաճարը գտնվում է հենց Հայաստանում։ Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար։ Եզդի ժողովրդի զավակներն իրենց հայ եղբայրների կողքին են եղել բազմաթիվ օրհասական և հերոսական պահերի։ Ցավոք, իրենց նորագույն պատմության ընթացքում հայերի պես եզդիներն էլ են զոհ դարձել ցեղասպան քաղաքականության։

Պատահական չէ, որ այսօր եզդիական տաճարի մոտ եզդիական ազգային հերոսների կողքին կանգնած են նաև Կոմիտասի ու Անդրանիկի արձանները և հայ֊եզդիական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը։

Ջերմորեն շնորհավորում եմ եզդի ժողովրդին իրենց համար նշանակալի այս օրվա կապակցությամբ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արարատ Միրզոյանը։

Կարդացեք նաև

Back to top button