Կանայք եւ Երեւանի ընտրությունները


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հանրապետական կուսակցությունը կանանց քաղաքական դաշտ ներգրավելու հարցում շատ զգուշավոր է եղել,այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Վերջինս նշել է, որ իրենց կուսակցությունում 70 հազար կին է ընդգրկված, ովքեր շատ ակտիվ են մասնակցում քաղաքական կյանքին:
ԱԺ 14 կանանցից 9-ը ներկայացնում է Հանրապետական խմբակցությունը և սա մեծ առաջընթաց է կուսակցության համար, ասում է պատգամավորը` հույս հայտնելով, որ նույն պատկերը կարտացոլվի ավագանու ընտրություններում:
Նրա ձևակերպմամբ` կանանց քաղաքական դաշտ մտնելը շատ է կապված հասարակության վերաբերմունքի և կանանց միմյանց նկատմամբ հանդուրժողականության հետ։
Կարինե Աճեմյանի կարծիքով` խորհրդարանի աշխատանքներին այն կանայք պետք է ներգրավված լինեն, ովքեր կարողանում են քաղաքական տեսակետներ հայտնել։
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ այն մշակույթը, որը իրենք բերեցին ԱԺ, ցույց տվեց, թե ինչպես պետք է լինի պատգամավորը, սակայն հետագայում պարզ դարձավ, որ դա բավարար չէ նորից խորհրդարանում հայտնվելու համար։ Անահիտ Բախշյանի ձևակերպմամբ` մեր մոտ կնոջ և տղամարդու միջև խտրական վերաբերմունք չի տեսնում:
«Թե’ կին, թե’ տղամարդ, եթե իշխանության ձայնը չես տարփողում, երկուսի իրավունքներն էլ ոտնահարվում են ուզածիդ պես»,- ասում է։
Կանայք իրենք իրենց չեն վստահում` չիմանալով, թե ինչ ուժ ունեն իրենց մեջ, ասում է Բախշյանը՝ նկատելով, որ գալիք ավագանու ընտրություններում ավագանու համամասնական ցուցաների 25 տոկոսը կանայք են:
ԲՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված Թամարա Պողոսյանի դիտարկումներով` մենք այսօր ունենք կնոջ մի տեսակ, որը հանգամանքների բերումով պահանջված չէ հասարակության կողմից, և չկա քաղաքական այն դաշտը, որը կկարողանար նպաստել այդօրինակ կանանց առաջընթացին։ Կանանց ներուժն ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում եւս օգտագործված չէ։
Ավագանու ընտրությունների համամասնական ցուցակների բոլոր առաջին տեղերում տղամարդիկ են , սակայն սա դեռ չի նշանակում, որ կանայք անտեսված են, ասում է ԲՀԿ- ական պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ հավելելով, որ տվյալ դեպքում տվյալ պաշտոնի հավակնորդ կուսակցությունը տեսնում է տվյալ տղամարդուն։
ՀՅԴ կուսակցությունից Ռուզաննա Առաքելյանը չնայած կիսեց վերը հնչած բոլոր կարծիքները, սակայն ավելացրեց, որ ներկայացված պատկերը չէ, որը պետք է հայ կնոջը բերի քաղաքական դաշտ. կարևորը որակն է:
«Կանայք պետք է մտածեն տիրող մթնոլորտի մասին, քանի որ այս դեգրադացված արժեհամակարգում կնոջ դերը բարձրացնելը շատ դժվար է»,-ասաց նա։