ԿարևորՀասարակություն

Քրգործ՝ «Սանիթեք» ընկերության դեմ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Սանիթեք» ընկերության դեմ: 

Դատախազության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ փաստաթղթերում հայտնաբերվել են 2013-2015 թվականների  քաղաքային իշխանության պաշտոնատար անձանց կողմից իրականացված կեղծիքներ:

Այլ խաբեություններ ևս եղել են:

Երևանի քաղաքապետարանից ստացված նյութերի հիման վրա իրականացված ուսումնասիրությունների արդյունքում  գլխավոր դատախազությունը պարզել է, որ  2013-2015 թվականին քաղաքային իշխանության պաշտոնատար անձինք, փաստաթղթերում  կեղծ  տեղեկություններ են մտցրել «Սանիթեք» ընկերության կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության մասին, որպեսզի բավարարեն ընկերության՝ որակավորման չափանիշերին համապատասխանությունը:

 Եվ սրա արդյունքում Երևանի քաղաքապետարանը կնքել է ընկերության հետ պայմանագիր: Մյուս կեղծիքը, ըստ գլխավոր դատախազության, վերաբերել է չկատարված աշխատանքներին: Ընկերությունը, ըստ պայմանագրի, պետք է գներ 16000 հատ աղբարկղ և իրականացներ աղբարկղերի հարթակների մաքրման ծառայություններ, որն իրականացրել է  20 տոկոսի չափով:

Այս խաբեությունների   համար ընկերությունը քաղաքային բյուջեից ստացել է  3մ լն  706 հազար դրամ՝ հայտնում են գլխավոր դատախազությունից: Ընկերությունն այս կեղծիքներից բացի  բանկային երաշխիքի բացակայությամբ կնքել է համաձայնագրեր և դրանով համայնքին զրկել բանկային երաշխիքի չափով գումար ստանալու հնարավորությունից, և կատարված կամ չկատարված աշխատանքները և ծառայություններն ապահովել իր միջոցներով:  Արդյունքում, ըստ իրավապահների, Երևանի համայնքը կրել է  մոտ 1մլն 700  հազար դրամ վնաս:

«Սանիթեքի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը «Ռադիոլուրին» միայն փոխանցեց, որ իրենց իրավաբանական թիմն աշխատում է նյութերի վրա:

«Քանի որ հայտարարությունում տեղ գտած հարցերը բավականին լայնածավալ են, ընկերության իրավաբանական թիմն այժմ իրականացնում է հայտարարության մեջ տեղ գտած փաստերի արժանահավատության վերաբերյալ ուսումնասիրություն և վերլուծություն: Իսկ իրավաբանական թիմը վաղը հանդես կգա համարժեք պարզաբանող հայտարարությամբ»:

Արձանագրված խախտումներում առկա են հանցագործությունների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող  բավարար տվյալներ՝ կարծում է դատախազությունը, հարուցվել է քրեական գործ:

Քաղաքապետարանը նախաքննության փուլում հրաժարվեց որևէ մեկնաբանությունից։

Կարդացեք նաև

Back to top button