ԿարևորՎերլուծականՔաղաքական

Փաշինյանը սկսել է հակազդել

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Վերջին շրջանի ներքաղաքական փոփոխությունները տարբեր գնահատականներ են ստանում հանրության տարբեր շրջանակներում: Ոմանք նոր զարգացումներում վտանգավոր եւ մտահոգիչ նոր տարրեր են նկատում, մյուս թեւը՝ ճիշտ քայլերի հաջորդականությունն է պահանջում:

Վերջին քայլերից հետո գործող իշխանությունը ստացավ նոր աջակցություն՝ ի դեմս «Սասնա Ծռեր» համահայկական շարժման: Սա չնայած այն փաստին, որ դեռեւս կալանքի տակ են մնում այդ խմբավորման երկու անդամներ։ Շարժման հիմնադիր-անդամ Ժիրայր Սեֆիլյանի գնահատմամբ՝ իրենց աջակցությունը իշխանությանը մշտական չէ, մատնացույց են անելու խնդիրները եւ պահանջելու են դրանց լուծումը:    

«Սասնա ծռեր» համահայկական շարժման անդամները կանգնում են գործող իշխանության թիկունքին եւ ընդունում պայքարի նոր ուղի: Անկանխատեսելի քայլերը բացառում են: Շարժման ղեկավար–անդամ Ժիրայր Սեֆիլյան.

« Հաստատ ասեմ, որ պայքարը զենքով չի լինելու, որ չմտահոգվեն շատերը: Զենքի էջը մեր քաղաքական ուժի համար շուտվանից փակված է եւ անիմաստ են բոլոր կարծիքները, որ այս օրերին հնչում են: Մենք այս իշխանությունների կողքին կանգնած ենք մինչեւ այն ժամանակ, որ հները փորձում են գլուխ բարձրացնել եւ երազել ռեւանշի մասին: Մենք գործող իշխանության թիկունքին ենք լինելու եւ թույլ չենք տալու հների որեւէ հաջողություն»:

Այս փուլում Սեֆիլյանը խոսում է թե՛ ներսից, եւ թե՛ «դրսից» սպառնացող վտանգների մասին: Օգտագործում է Կրեմլ, ռեւանշիստներ, 5-րդ շարասյուն, վարձկան ձեւակերպումները: Վերջին երկուսն օգտագործում է նաեւ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մասին խոսելիս.

« Այո, ճիշտ եք հասկացել:  Կրեմլում նպատակ ունեն վարկանիշը իջեցնելուց հետո այս իշխանություններին հեռացնել: Բարեբախտաբար վերջապես Նիկոլ Փաշինյանի կողմից դիմադրելու փորձերի ականատեսն ենք մենք այս ընթացքում»:

Սեֆիլյանի համոզմամբ՝ քաոսային, անկայուն եւ վտանգավոր շրջանը Հայաստանի համար սկսվել է հեղափոխությունից անմիջապես հետո չարած ընդամենը մեկ քայլի պատճառով:

«Նախորդ ռեժիմին իրավաքաղաքական գնահատական չտալուց: Այսօրվա բոլոր կնճռոտ հարցերը, որ մնացել են գլխավոր պատճառը՝ այդ գնահատականը տալուց խուսափելն է: Բոլոր փորձերը, որ այս 1.5 տարվա ընթացքում կատարվում են, այդ կնճռոտ խնդիրների լուծումը տալ միայն իրավական միջոցով՝ բոլոր տեսնում ենք, թե ուր է մեզ հասցրել»:

«Սասնա ծռեր» շարժման ղեկավարները վերջերս հանդիպել են վարչապետի հետ եւ նրան փոխանցել բոլոր ունեցած մտահոգությունները եւ կանխատեսումները: Հանդիպումից որեւէ դրվագ Սեֆիլյանը չի բացահայտում, փոխարենը փոխանցում է իրենց համոզմունքը, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում իշխանության համար ճիշտ է անցումային եւ հեղափոխական կոշտ տրամաբանությունը, հետո նոր՝ երկիրը բնականոն ընթացքի մեջ մտցնելը:

Հանրության ուշադրությունը հակառակ տրամաբանության վրա է փորձում սեւեռել  «Օրինաց երկիր» կուսակցությունից հեռացած եւ «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը հիմնած նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Տարբեր նախաձեռնություններով նա աշխատում է շրջանառության մեջ դնել Սահմանադրության փոփոխության հարցը: Իշխանությունը չի արձագանքում նրա քայլերին:

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նախկին խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամը, ի դեպ, նախապատվությունը տալիս է հենց Սահմանադրության փոփոխությանը, թեեւ մարտի 1-ի դեպքերով ընդունում է՝ որ չպարզաբանված հարցեր էին մնացել:   

«Մենք հրավիրեցինք այստեղ որպեսզի մեզ օգնեին այդ հարցում ԱՄՆ նահանգներից մեկի դատախազին՝ սեպտեմբերի 11-ի  հանձնաժողովի նախագահն էր: Նա ասաց, որ 1 միլիոն էջ թուղթ են գրել, բայց արդյունքում ոչինչ մինչեւ վերջ չեն կարողացել բացահայտել: Այսինքն՝ դա մի անշնորհակալ գործ էր: Հիմա ես կողմ եմ, որ բացահայտվի, բայց մենք պետք է զարգանանք, մեր տնտեսությունը պետք է զարգանա, լիքը խնդիրներ ունեն, ուշադրությունը չսեւեռվի զուտ այդ հանգամանքների բացահայտման վրա: Ինձ թվում է, որ Ռոբերտ Քոչարյանի համար էլ է հաճելի, որ ինքն իր արածի համար պատասխանատվություն կրի, ուղղակի հաստատեք՝ ի՞նչ է արել»:

Մարտի 1-ից հետո իշխանությունների հետ կոալիցիա կազմած «Օրինաց երկիր» կուսակցության միջոցով մանդատ ստացած նախկին պատգամավորի մտահոգությունների շարքում տեղ են գտել նաեւ Արթուր Վանեցյանի հրաժարականը ԱԱԾ պաշտոնից եւ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը:

Կարդացեք նաև

Back to top button