ԿարևորՀասարակություն

Ավելի հասանելի առողջապահություն

Առողջապահության նախարարությունը սկսում է շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիրը: Այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքի էջում։

«Պիլոտային ծրագրի շրջանակներում Արարատի, Արտաշատի և Վաղարշապատի ՇՕ կայանների բոլոր կանչերը կգան Երևանի ՇՕ կայան, որտեղից առանց հավելյալ զանգի անհրաժեշտության կփոխանցվեն համապատասխան կայան»,-գրել է Թորոսյանը:

Այս պահին մարզերից բջջային և IP հեռախոսակապով 103 զանգահարելու դեպքում քաղաքացին միանում է Երևանի ՇՕ կայանին (բացի Վիվասելի բաժանորդներից), որը սակայն չի սպասարկում մարզերի կանչերը, այլ ուղղակի քաղաքացուն է փոխանցում մարզի տվյալ կայանի հեռախոսահամարը և քաղաքացին ստիպված է լինում կատարել երկրորդ զանգը մարզային համապատասխան կայան, ինչը երկարացնում է կանչի ընդունման և սպասարկման ժամանակը:

«Ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո այն կտարածվի ամբողջ երկրի վրա: Հիշեցնեմ նաև որ վերջին 2 ամիսների ընթացքում Երևանի և մարզերի ՇՕ կայանները համալրվել էին հավելյալ հերթափոխներով, ինչը էականորեն բարելավել է կանչերի սպասարկման ժամանակը և որակը: Շտապօգնության բարեփոխումները շարունակական են լինելու»,–գրել է նախարարը:

Արսեն Թորոսյանն այս տարվա հունիսին հայտարարեց, որ մյուս տարվա բյուջետային հայտով նախատեսել են «Շտապօգնության» բյուջեի մոտ 1 մլրդ դրամի աճ:

Նախարարի խոսքով` դա նշանակելու է թե՛ աշխատավարձի բարձրացում, թե՛ հավելյալ խմբերի ներգրավում, որպեսզի կարողանան կանչերը ժամանակին սպասարկել:

Կարդացեք նաև

Back to top button