ԿարևորՎերլուծական

Ո՞րն է հակամարտության խաղաղ լուծման բանալին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առանցքային նշանակություն ունի մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության համար՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթում շեշտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար:

ՄԱԿ-ի գագաթաժողովում ունեցած ելույթում անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ վարչապետը Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր հայտարարությունը, համաձայն որի՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

«Ես առաջին հայ ղեկավարն էի, ով նման դիրքորոշում հայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինձ խստորեն քննադատեցին իմ երկրում լուծման այնպիսի բանաձևի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության 3 կողմերի միջեւ: Այդուամենայնիվ, ես հավատում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության հնարավորություն»:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ սա նախեւառաջ պարզ ճշմարտության արձանագրում է: Հայաստանի ներսում եղած քննադատությունն էլ, ըստ նրա, գալիս է նրանից, որ որոշ շրջանակներ դա կարող են ընկալել որպես միակողմանի զիջման պատրաստակամություն.

«Սակայն իրականում դա այդպես չէ: Դրա մասին էլ խոսք գնաց, որ ի վերջո պետք է հայկական կողմի շահերը, միեւնույնն է, եւ՛  ընկալվեն, եւ՛ հարգվեն եւ ըստ այդմ էլ հարցը լուծում ստանա եւ լուծումը դա է, մնացած բոլոր ճանապարհները դրանք չլուծում են»:

Հետեւաբար, կարծում եմ, որ ամեն-ինչ ճիշտ է ասված. ՄԱԿ-ի ամբիոնից կատարվեցին կարեւոր արձանագրումներ, որոնք դիվանագիտական հարթության մեջ կարեւոր հաղթաթուղթ են, ինչը շատ կարեւոր գործոն է բանակցային գործընթացը շարունակելու համար: Բանակցային գործընթաց, որի շուտափույթ հաջողությանը ես, մեծ հաշվով, չեմ հավատում՝ հավելեց Ռուբեն Մեհրաբյանը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանից ակնկալվող հայտարարությունը չեղավ եւ չի էլ լինելու, ինչը էլ ավելի է բարդացնում բանակցային գործընթացը: 

«Ադրբեջանը չի ընդունում այդ մոտեցումը: Եթե չի ընդունում, ինչի մասին բանակցես. Բանակցելու թեմա չկա: Մասնագետները գտնում են, որ հնարավոր բան չի: Այսինքն՝ ճիշտը Մինսկի խումբն էր, որ  առաջարկել էր, ըստ իրենց, դա ինչ-որ մի լուծում է, որը կարող է ասեք՝ եթե բոլորը գոհ չլինեն, բոլորը դժգոհ կլինեն՝ հավասար»: 

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում հայտնեց նաեւ, որ իր բանաձևը ներկայացրել է ոչ միայն հանրությանը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո անցկացվող բանակցությունների շրջանակում:

Առաջ ընթանալու համար ես ակնկալում էի նման հայտարարություն նաև Ադրբեջանից: Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը՝ ձգտելով ղարաբաղյան հիմնախնդրի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար՝ հավելեց վարչապետը՝ նկատելով, որ դա իրականում նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը:

«Ես կոչ եմ անում իմ գործընկերոջը՝ նախագահ Իլհամ Ալիևին, ընդունել բանաձևը՝ պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձևը իրականություն դարձնելու համար»:

Արդյոք կա՞ այդպիսի լուծում, որ ընդունելի լինի երեք ժողովուրդների համար էլ: Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ տեսականորեն այդպիսի լուծում կա, որին, սակայն, Ադրբեջանը պատրաստ չէ:

«Ես տեսնում եմ այդ հարցի լուծումը Կոսովոյի տարբերակով, այսինքն՝ Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման ճանապարհով, իսկ դա նշանակում է դե յուրե Ադրբեջանի կազմից դուրս բերում: Ընդ որում՝ միջազգային իրավունքի հիման վրա եւ միջազգային հանրության կողմից ճանաչված ձեւով»:

Եթե Ադրբեջանը լիներ դեմոկրատական երկիր, ապա այստեղ որեւէ առարկություն չէր լինի, որ դա ձեռնտու է նաեւ Ադրբեջանի ժողովրդին՝ հավելեց փորձագետը: Մանվել Սարգսյանը կարծում է, որ Կոսովոյի օրինակը հնարավոր է, բայց, համոզված է, որ եթե միջազգային վերաբերմունքը չփոխվի, որեւէ խնդիր հնարավոր չի լինի լուծել, այսինքն՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը՝ ետ վերցնելով Ադրբեջանից որոշակի իրավունքներ, ինչը տվել էր՝ միակողմանի ճանաչելով այդ երկրի սուվերենությունը՝ առանց հաշվի առնելու ԼՂ հակամարտության գոյությունը:

          

Կարդացեք նաև

Back to top button