
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Սննդի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է Երևանում և մարզերում շուկայում վաճառվող մսի անասնաբուժական համաճարակային մշտադիտարկում իրականացնել: Տեսչական խմբերը շրջում են վաճառակետերում և ստուգում, թե ինչ պայմաններում են առաքվում մսերը և ինչ փաստաթղթերով են ուղեկցվում: Արդեն 3-րդ շաբաթն է տեսչական ստուգումներ են իրականացվում նաև Գումի շուկայում:
Մենք՝ գնորդներս, որպես կանոն միս գնելիս դրա ծագման կամ որակի մասին հավաստող փաստաթուղթը չենք պահանջում: Մինչդեռ դրա առկայությունը ոչ միայն ցանկալի է, այլ՝ պարտադիր, իսկ բացակայությունը ահազանգ. միսը կարող է վտանգավոր լինել:

Գումի շուկայում արդեն երրորդ շաբաթն է տեսչական ստուգումները չեն դադարում: Սննդի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն ամեն օր շրջելով մսի շուկայում՝ ստուգում են ուղեկցող փաստաթղթերն ու ցանկացած կասկածի դեպքում միսն ուղարկում լաբորատոր փորձաքննության: Տեսուչներին էր այսօր միացել նաև տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Մեկ առ մեկ անցնելով մսի վաճառակետերում՝ պահանջում էր ուղեկցող փաստաթղթերը:
Այն բոլոր մսերը, որոնք գալիս են առանց ուղեկցող փաստաթղթերի կամ առանց սանիտարական գրքույկների, դրանք բոլորը մտնում են լաբորատորիա փորձաքննության, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց տեսչական մարմնի ղեկավարը:
«Կա անասնաբուժական 2-րդ ձևը, որը տրամադրում է տվյալ գյուղի անասնաբույժը, որով նա վկայում է, որ տվյալ կենդանին անցել է բոլոր կանխարգելիչ միջոցառումները և մորթից առաջ եղել է առողջ»:

Շարժական լաբորատորիան, որի մասին խոսեց Գեորգի Ավետիսյանը, անմիջապես շուկայի դիմաց է: Ամեն օր լաբորատորիայում ստուգվում են կասկածելի ծագման մսերի նմուշները։ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնեց հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայի մանրէաբանության բաժնի գլխավոր մասնագետ Արևիկ Հովհաննիսյանը:
«Գիշերվա ժամը 4-ից սկսած տեսուչները նմուշառումներ են կատարում, որոնք այստեղ մանրադիտակային հետազոտության են ենթարկվում: Ցանկացած մսեղիք, որը չունի 2-րդ ձևը, պարտադիր նմուշառում է կատարվում»:
Ամփոփելով շրջայցը՝ տեսչական մարմնի ղեկավարը արձանագրեց. վիճակը շատ ցավալի չէ, բայց կան հիգիենիկ կանոնների խախտման դեպքեր, որոնց ուղղությամբ տեսուչներն արդեն իսկ աշխատում են:




