ԿարևորՄշակույթ

Կոմիտասը օրվա լրահոսի լուսանցքում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, մեկնարկում է  Վարդապետի 150-ամյակին նվիրված  միջազգային գիտաժողով-փառատոնը։

Այն կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։ Փառատոնի բացումը տեղի կունենա  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի  ազգային ակադեմիական թատրոնում։

Սեպտեմբերի 26-ից արդեն պաշտոնապես կնշենք Կոմիտաս Վարդապետի ծննդյան հոբելյանական 150-ամյակը։ Ինչպես նշում է կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, առաջիկա շաբաթները կուլմինացիոն են լինելու, քանի որ բազմաթիվ միջոցառումներ են նախանշված։ Մեկնարկը կտրվի սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնից։

 «Պանթեոնում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն։ Երեկոյան կունենանք մեծ համերգ։ 28-ին Գյումրիի Սև բերդում տեղի կունենա համերգ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին»։

Կոմիտասի ծննդյան օրը  կմեկնարկի   Վարդապետի 150-ամյակին նվիրված  միջազգային գիտաժողով-փառատոնը։ Բացումը տեղի կունենա Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի  ազգային ակադեմիական թատրոնում։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի խոսքով՝  փառատոնի ծրագիրը Երևանով չի սահմանափակվի։

«Նաև Արցախում ունենք չորս համերգ։ Այս տարի գիտաժողով-փառատոնի շրջանակում միջոցառումներ են նախատեսված նաև Գերմանիայում։ Հոկտեմբերի 8-ին  Բեռլինի Հումբոլդտի համալսարանում կմեկնարկի «Կոմիտասը և իր ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը»։

Ինչպես Թումանյանի, այնպես էլ Կոմիտասի 150-ամյակներին նվիրված միջոցառումներն անցկացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո։ Հոկտեմբերի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, տեղի է ունենալու երկու միջոցառում՝ ցուցադրություն նվիրված Հովհաննես Թումանյանին և համերգ՝ նվիրված Կոմիտասին։

«Կոմիտասը միայն իր ստեղծագործությունը չէ։ Նա մի ամբողջ կոմպոզիտորական դպրոց է։ Իր հետաքրքրություններով ու առնչություններով նա ընդգրկում է հայ մշակույթի բոլոր շերտերը»,-ասում է գիտաժողով-փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը, որի խոսքով հենց այս տրամաբանության  շրջանակում էլ կազմակերպվել են բոլոր միջոցառումները։

 «Կոմիտասը միայն մեր տան մեջ ներփակվող երևույթ չէ, նա համամարդկային է, և իր թիկունքից մի ամբողջ մշակույթ կարող է գնալ»։

Կոմիտասյան ժառանգությունն աշխարհին լավագույնս ներկայացրած Հայաստանի ազգային ակադեմիական  երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը հատուկ ընդգծում է․ «Ամեն անգամ, երբ աշխարհին ներկայանում ենք Կոմիտասով, շահում ենք»:

Կոմիտասին նվիրված միջոցառմանն այսօր ներկա էին չափազանց քիչ թվով լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ «Արդյոք մենք չենք սիրում միայն թաքնվել Կոմիտասի թիկունքում ու մեծարել նրան զուտ կենացային մակարդակում, հակառակ դեպքում Կոմիտասը գուցե չէր հայտնվի  օրվա լրահոսի լուսանցքում»․ Ռադիոլուրի հարցին Մհեր Նավոյանն արձագանքում է․

«Մեր իրականությունը ապրում է բոլորովին ուրիշ լարվածքով, և հոգևոր, մշակութային երևույթները դուրս են մղվում։  Մյուս կողմից՝ Կոմիտասը ակադեմիական բարձր արվեստ է, մենք մեր հասարակության լայն շերտերից  չենք կարող պահանջել, որպեսզի բոլորը ունենան այդ ճաշակը»։  

Ինչպիսի՞ն կլիներ  հայ երաժշտության ճակատագիրը, եթե չլիներ Հայոց ցեղասպանությունն ու Կոմիտասի հետ տեղի չունենար այն, ինչ  տեղի ունեցավ, հարցին Մհեր Նավոյանն արձագանքում է․ «Կոմիտասն արել է այն, ինչ պիտի աներ։ Սա կիսատ մնացած կերպար  չէ»։ Ինչ կլիներ, եթե հայն ընդհանրապես Կոմիտաս չունենար․ «Ամբողջ Արևելքի լայնքով ու երկայնքով նայեք, քանի՞ ժողովուրդ է ապրում, մենք կլինեինք նրանցից մեկը»,- ասում է Մհեր Նավոյանը։

Կարդացեք նաև

Back to top button