ԿարևորՔաղաքական

Գլխավոր դատախազը հերքում է Հայկ Հարությունյանի վրա ճնշումների մասին հրապարակումները

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Վկաների պաշտպանության ինստիտուտը զարգացնելու խիստ անհրաժեշտություն կա՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ խոսելով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի մասին:

Գլխավոր դատախազը նշել է, որ քրեական դատավարության օրենսգրքում պաշտպանության միջոցներ նախատեսված են, բայց չկան  կառուցակարգեր:

«Օրենսդրական փաթեթն արդեն առկա է, և հույս ունենք, որ դրա կիրառման արդյունքում վկաների պաշտպանության միջոցները կխստացվեն», -ասել է Արթուր Դավթյանը:  

Գլխավոր դատախազը  պատվեր է որակում զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը նախքան ինքնասպան լինելը խոսել է իր նկատմամբ ճնշումների մասին՝ նշելով նաև գլխավոր դատախազի անունը:

«Ցանկացած ողջամիտ մարդ այդ վարկածը լսելիս շատ լավ հասկացել է, թե ինչ պատվերների իրացման մասին է խոսքը: Գլխավոր դատախազի պաշտոնը և՛ իրավական, և՛ բարոյական առումով այդպիսի բան թույլ չի տալիս»:

Հայկ Հարությունյանի մահվանից հետո շրջանառվում է նաև տեղեկություն այն մասին, որ նրա մահը կարող է կապ ունենալ «Մարտի 1»-ի գործի հետ:  Այս գործով նախկին ոստիկանապետն ուներ  վկայի կարգավիճակ: Գործում առկա են նրա նախաքննական ցուցմունքները, բայց Հայկ Հարությունյանը պետք է հարցաքննվեր նաև դատարանում:

Կարդացեք նաև

Back to top button