
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Մեր ժամանակի հերոսը. անկախության 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ մրցանակների արժանացան Հայաստանում տնտեսության այս կամ ոլորտում ներդրում կատարած քաղաքացիները:
«Ռադիոլուրի» անդրադարձը նրանցից մեկի մասին է ՌԴ-ից Հայաստան վերադարձած մեր զրուցակիցը նույնպես մեր ժամանակների հերոսներից է: Նա կոտրել է բոլոր կարծրատիպերը՝ էկոլոգիապես լավ բերք ստանալու համար:
Մեր ժամանակների հերոսը Արարատի մարզի Սիփանիկ համայնքում է բնակվում: Հերոս դառնալը Ղարանլղցյանների ընտանիքի համար անակնկալ էր: Նրա հետ հանդիպել էինք մոտ երկու ամիս առաջ: Երկու ժամից ավելի Արտակ Ղարանլղցյանը մեզ պատմում էր իր ջերմոցի, ընտանեկան բիզնեսի ու իր երազանքների մասին: Ռուսաստանից Հայաստան վերադարձած այս ընտանիքին ամենաշատը հենց ազատությունն է գնահատում.
«Ինչ անում ես, քոնն է, իսկ Ռուսաստանում ինչ անում ես, չգիտես՝ քոնն է, քոնը չի, մի օր կարող են ուղղակի հանել ու՝ դեպորտ»։

Դեպորտի չսպասեցին, որոշեցին վերադառնալ, սակայն ոչ թե հով ու զով Գավառ, այլ ՌԴ-ում սովորած գյուղացիական գիտելիքները ներդնել՝ ոչ ավելի, ոչ պակաս կլիմայի առումով տրամագծորեն հակառակ մարզում՝ Արարատում։ Ու ընտրեցին ոչ թե սովորական հող, այլ՝ աղուտները՝ Սիփանիկը: Թերևս սա էլ դարձավ ժամանակի հերոս դառնալու առաջին նախապայմաններից մեկը.

«Սկզբից շատ դժվար էր։ Եկել ենք նախ Երևան, ջերմոցներ ենք վարձել, հետո այս հողը գնեցի, Գավառում առանձնապես աշխատանք չկար։ Եթե մեծ գումար ունենաս, կարելի էր մեծ ջերմոց հիմնել։ Սակայն այլ աշխատանք չկար, հետո քաղաքից եկանք էստեղ»։
Արտակ Ղարանլղցյանը աղուտները պատահական չի ընտրել։ Նախ՝ առաջին 250 քառակուսի մետրը, հետո արդեն՝ տարածքը մեծացրել է։ Ասում է՝ սա ջերմոց չի՝ ցածր է, պետք է ավելի բարձր լինի, լոլիկ, վարունգ, բուլղարական պղպեղ աճեցնելու համար։ Հիդրոպոնիկ եղանակով ջերմոց ունենալը Հայաստանում այնքան էլ տարածված չէ.

«Աղի հողեր են, մեր հողը տակի հողի հետ կապ չունի։ Ես գտնում եմ, որ այս մեթոդն ավելի ճիշտ է։ Փտած գոմաղբ է ու ավազ, դրա մեջ եմ ես աճեցնում։ Ընդհանրապես թունաքիմիկատ չի օգտագործվում»։
Եթե բույսի դիմադրողականությունը բարձր է, այն չի հիվանդանում՝ ասում է զրուցակիցս ու մանրամասն բացատրում, թե ինչպես կարելի է բիոհումուս ստանալ.
«Տերևները հավաքում եմ, լցնում եմ տասը տոննայանոց տարայի մեջ, ինքը էդտեղ փտում է, դառնում է հասանելի պարարտանյութ»։
80 տոկոսը բիոհումուսն է, 20 տոկոսը՝ անհրաժեշտ հանքային նյութերը՝ կալցիումը, ազոտը կամ կալիումը։
Ոռոգման կաթիլային համակարգը մոտ 5 անգամ հեշտացրել է աշխատանքը, ժամանակ չես ծախսում ջրելու վրա՝ ասում է։ Այն հեշտ է, եթե գիտես՝ ինչ ես անելու
«Առավոտյան մի երեք ժամ, երեկոյան՝ մի չորս ժամ։ Ամբողջ ընտանիքով ենք աշխատում, աշխատող չունենք։ Ես, կինը ու երեք երեխաներս»։

Արտակը գիտի նաև՝ ինչպես տաքացնել ջերմոցը՝ գումար ու ժամանակ խնայելով. «Ես գտնում եմ, որ առաջին հերթին ոչ թե պետք է ջեռուցես, այլ պաշտպանես ցրտից։ Սա լամինատի տակի պադմոժկան ա, որի 10 մմ հաստությունը պահում է մինչև 10 աստիճան ցուրտ։ Երկու տարի առաջ, որ ձմեռը մեղմ էր, ես սրա շնորհիվ ունեցել եմ վարունգ ու Նոր Տարուն վաճառել եմ հենց սրա շնորհիվ»։
Սպառողների 20 տոկոսին է միայն հետաքրքրում որակը, մյուսները՝ ավելի շատ արտաքին տեսքն են կարևորում՝ ասում է։
Արտակը հաջողության հասնելու համար 15 ոսկե կանոն ունի, դրանցից մի քանիսին մենք անդրադարձանք, մյուսների մասով էլ զրուցակիցս պատրաստ է անհրաժեշտ տեղեկությունը տրամադրել։




