
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
«Պառլամենտ մոնիթորինգ»-ն այսօր ներկայացրել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները: Սա այս խորհրդարանին վերաբերող առաջին դիտարկում-զեկույցն է: Զեկույցն ամբողջությամբ տեղադրված է «ԱԺ մոնիթորինգ»-ի կայքէջում: Որոշ ուշագրավ արձանագրումներ էլ այսօր ներկայացվել է լրագրողներին:
Ի՞նչ փոփոխություններ է կրել այս խորհրդարանը՝ նախորդների համեմատ: Ներկայացնելով «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները»՝ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նշեց, որ կան ե՛ւ փոփոխված, ե՛ւ պահպանված միտումներ: Առանձնացրեց հիմնական փաստերից մի քանիսը.

«Խորհրդարանում շատ նկատելիորեն նվազել է լուռ պատգամավորների թիվը: Տարիներ շարունակ արձանագրում էինք, որ խորհրդարանի գրեթե կեսը չէր մասնակցում խորհրդարանի քննարկումներին»:
Այս խորհրդարանում օրենսդրական քննարկումներին չի մասնակցել 132-ից ընդամենը 22 պատգամավոր, այսինքն՝ մոտ 15 տոկոսը:
Նիստերի քննարկումներում ամենաակտիվ պատգամավորներն են եղել Միքայել Մելքումյանը՝ ԲՀԿ-ից եւ ԼՀ-ից Էդմոն Մարուքյանը՝ տեղեկացրեց Լուսինե Վասիլյանը:
Մեկ այլ փոփոխված ավանդույթի մասին՝ դոլարային միլիոնատեր-պատգամավորների թիվն է նվազել գործող խորհրդարանում: Եթե նախկին խորհրդարանի անդամ էր 12 միլիոնատեր, այս խորհրդարանում դոլարային միլիոնատերերն ընդամենը 2-ն են, երկուսն էլ՝ ԲՀԿ խմբակցությունից:

Դրամական միջոցների հայտարարագրման առումով էլ՝ 97 տոկոսը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, մնացածը՝ նույն խմբակցության 9 պատգամավորների: Ըստ հայտարարագրումների՝ «Իմ քայլ»-ը խմբակցությունում կա միայն մեկ հարուստ պատգամավոր՝ Տիգրան Կարապետյանը:
Նստաշրջանի ընթացքում 143 օրենքից 12-ի, կամ՝ 9 տոկոսի հեղինակն է խորհրդարանը: 131-ինը, կամ՝ 91 տոկոսը հեղինակել է կառավարությունը: Այս առումով գործող եւ նախորդ խորհրդարանները իրարից չեն տարբերվում: Եւս մեկ նմանություն՝ թե՛ այս, թե՛ նախորդ խորհրդարաններում օրինագծերի հիմնական մասն ընդունվել է արտահերթ նստաշրջանների ժամանակ:
Զեկույցի հեղինակները գնահատել են նաեւ խմբակցությունների նախեձոռնողականությունը: Ցուցանիշները հավասար են, սակայն, եթե հաշվի է առնվում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների թիվն 88 է, ապա՝ ստացվում է, որ ընդդիմադիր խմբակցություններն ավելի նախաձեռնողական են եղել:

«Լուսավոր Հայաստանն առավել լիարժեք է օգտագործել ընդդիմությանը տրված հնարավորությունները: Միայն այս ուժն է հարցապնդման հնարավորությունից օգտվել: Թեեւ՝ ընդդիմադիր երկու խմբակցությունները ունեն գործիքներ, որոնցից նստաշրջանի ընթացքում, կարծես թե, չեն օգտվել: Օրինակ՝ արտահերթ հարց շրջանառության մեջ դնելու, կամ՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես չեն եկել: Նաեւ՝ քննիչ հանձնաժողով ձեւավորելու նախաձեռնություն ընդդիմությունից չի եղել»:
Ինչու՞ չի ձեւավորվել էթիկայի հանձնաժողով՝ փորձագետ Մարիամ Բարսեղյանը պարզաբանեց՝ երեք դիմում է եղել, երեքն էլ վերաբերվել են ԲՀԿ-ական պատգամավորներին եւ երեք դիմումով էլ գործնական որեւէ քայլ չի կատարվել:

Այս նստաշրջանում արձանագրված նորություններից մեկն էլ այն է, որ ամենաշատ բացակայած պատգամավոր է դարձել ԲՀԿ-ից Վարդան Ղուկասյանը՝ գերազանցելով նույն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Զեկույցն ամբողջությամբ տեղադրված է «Պառլամենտ մոնիթորինգ»-ի կայքէջում:




