
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Մայրաքաղաքի տարբեր շենքերում գործող սննդի օբյեկտների աղմուկն ու հոտերը երբեմն դառնում են օբյեկտների սեփականատերերի եւ աշխատակիցների ու բնակիչների միջեւ վեճերի առարկա։ Նման մի քանի դժգոհություն «Ռադիոլուրը» եւս ստացել է ու գնացել է դրանցից մեկի հետքերով։

Սարյան 24 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի անմիջական հարևանությամբ գործում է սննդի փոքրիկ օբյեկտ, որը ժամանակին եղել է նաեւ հացի փուռ: Մինչ արտադրամաս դառնալը տեղում եղել է ավտոտնակ, որի սեփականատերն այն վաճառել է, իսկ գնորդը դարձրել է փուռ։
«Մենք դեմ արտահայտվեցինք, սակայն Գագիկ Բեգլարյանի օրոք փռի տերը հանրապետական էր և ընդհանուր ծանոթություն կար, որոշեցին ու առանց մեր թույլտվության իրենք իրենց գործերն արեցին ու ասացին կամ փողը վերցրու, կամ այստեղ փուռ է լինելու: Ես ասացի ոչ: Բայց փուռը հիմա գործում է: Մի ժամանակ գործերը լավ չէին, իսկ հիմա վարձակալությամբ է տրվել սիրիահայերին և նրանք ջանասիրաբար աշխատում են: Բայց իմ խնդիրը չլուծվեց, քանի որ փուռն ինձ խանգարում է։ Այն ժամանակ փոքր երեխա կար և ժամը 6-ից սկսում էին աշխատանքն ու մենք էլ իրենց հետ արթնանում էինք: Մի պահ անգամ ուզում էի վաճառել բնակարանս, սակայն գնորդները երբ տեսնում էին, որ հարևանությամբ սննդի կետ կա, համ գինն էր իջնում համ էլ գնորդ չէր լինում»:
Օգոստոսի վերջերին սեփականատերը երրորդ հարկ կառուցելու թույլտվության համար փորձել է քաղաքացիներից ստորագրություն հավաքել, սակայն ոչ մեկ չի համաձայնել՝ ասում է բնակիչը:

«Հարևանները բողոքեցին, ասացին չենք տա ստորագրություն: Հիմա չգիտեմ՝ ինչ փուլում է գործընթացը: Մեր երրորդ հարկի հարևանին էլ է խանգարում: Բոլորն էլ այդ աղմուկը լսում են»:
Սեփականատերը՝ Արթուրն էլ « Ռադիոլուրին» փոխանցեց, որ ընդամենը հարցուփորձ է արել մի քանի բնակչի:
-Ես չեմ զբաղվել, որ համաձայնություն լինի կամ ոչ:
-Բայց ցանկանու՞մ եք, որ երրորդ հարկը կառուցվի:
-Մտադրություն կա:
15 տարի գործող սննդի օբյեկտի վերաբերյալ դժգոհությունները, սեփականատերն ասում է, որ լսում է առաջին անգամ՝ մեզանից: Իր խոսքով՝ ոչ մեկը երբևէ չի դժգոհել սննդի կետի գործունեությունից: Քաղաքապետարանի առևտրի ու սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը փոխանցեց, որ տվյալ դեպքում քաղաքապետարանը չի կարող սահմանափակել սեփականության իրավունքը, սակայն պետական մարմիններն ունեն անելիքներ:
«Եթե բողոքում է աղմուկից, ապա առավոտյան ժամը 5-ին աղմկել, լռությունը խախտել չի թույլատրվում: Այդ փաստը ֆիքսելու համար կարող են հրավիրել ոստիկանություն և ոստիկանությունը պատասխանատվության հարց բարձրացնի: Քանի որ գիշերը ժամը 23:00-ից մինչև առավոտյան ժամը 6:00-ը համարվում է գիշերային ժամ և պարտավոր են չաղմկել, լռությունը չխախտել»:

Իսկ տարածքում տարածվող հոտերի համար բնակիչը ինչ կառույցի կարող է դիմել՝ այդպես էլ չկարողացանք պարզել: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից պնդեցին, որ եթե սննդի կետն աշխատում է գազով, ապա այդ դեպքում օդում թունավոր արտանետումներից չափումներ պետք է կատարի իրենց կառույցը, սակայն էլեկտրաէներգիայի դեպքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտում է, որը պետք է իրականացնի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
Պարզեցինք, որ սննդի կետն աշխատում է էլեկտրաէներգիայով, սակայն թե որ տեսչական մարմինը պետք է ստուգի նորմերի համապատասխանությունը երկու մարմիններն էլ այդպես էլ չկարողացան պարզել: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից «Ռադիոլուրին» ասացին, որ մթնոլորտային օդի նկատմամբ վերահսկողություն չեն իրականացնում:




