
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Գյումրի` Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Գյումրու Սև բերդում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ ներկա է գտնվել «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է առաջին անգամ: Միջոցառմանը ներկա էին նաև կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք:

Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին` թեյի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանին, պանրագործ Արման Միքայելյանին, բիովառելիքի արտադրությամբ զբաղվող Ստեփան Ավագյանին, ոլտերման Ազատ Թովմասյանին, փայտագործ Սամվել Գասպարյանին, կիսաթանկարժեք քարերի արտադրությամբ զբաղվող Արտակ Բոջիկյանին, թեյի արտադրությամբ զբաղվող Աստղիկ Գալստյանին, կավագործ Ռուբեն Գևորգյանին, ջերմոցային տնտեսությամբ զբաղվող Արտակ Ղարանլղցյանին, կոսմետիկ միջոցների արտադրությամբ զբաղվող Արփինե Բարսեղյանին, գործիքներ պատրաստող Լյուդվիգ Միքայելյանին, ռեստորանային բիզնեսով զբաղվող Վարդա Ավետիսյանին և «Վարդենիս կար» ընկերության տնօրեն Լենա Երանոսյանին: Նրանք մարդիկ են, ովքեր փոխում են իրենց կամ շրջապատի կյանքը, սեփական ուժերով բիզնես են ստեղծում և ապագան կապում Հայաստանի հետ: Մասնակիցներից մեկին` թեյի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանին, մրցանակ-արձանիկը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մրցանակաբաշխության վերջում բեմ են բարձրացել «Մեր ժամանակի հերոսը» շարքի բոլոր մասնակիցները:
Դիմելով նրանց` Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Որպես ՀՀ վարչապետ` շնորհակալություն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար, շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ դուք հավատում եք ձեր ուժերին, ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում, որ դուք աշխատանքը համարում եք ձեր, մեր երկրի խնդիրների լուծման ճանապարհը: Այստեղ իհարկե, ոչ բոլորին, բայց շատերին ես հյուրընկալել եմ և տեսել եմ նրանց իրենց աշխատանքի մեջ, իրենց առօրյայի մեջ, և իսկապես այս մարդկանց գոյությունը Հայաստանի Հանրապետությունում ուզում եմ արձանագրել, որ մեծացնում է իմ վստտահությունը` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ մենք կլուծենք բոլոր այն խնդիրները, որ մեր առաջ դրված են»,- ասել է Փաշինյանը:
«Ընդհանրապաես Հայաստանի Հանրապետության տարբեր փուլերում երբեք լավատեսական կանխատեսումներ չեն եղել: Հոռետեսությունը եղել է Հայաստանի հիմնական կանխատեսումը, բայց այս մարդկանց գոյությունն իմ խորին համզոմամբ, արձանագրում է մի երևույթ, մի փաստ: Իմիջիայլոց, նրանցից շատերը սկսել են աշխատել 2000, 2003, 2004, 2005 թվականից, վերջին 15 տարում, և այս մարդիկ իմ կարծիքով իրենց աշխատանքով կաթիլ առ կաթիլ կերտել են լավատեսության հաղթանակը Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում հայ ժողովդրի շրջանում, Հայաստանի Հանրապետությունում լավատեսության հաղթանակի համար: Դուք հաղթել եք, դուք մեր ժամանակների հերոսներն եք»:




