ԿարևորՔաղաքական

Պուտինն ու Թրամփը շնորհավորել են Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ ընդծում ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկկողմ կառուցողական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, ինչպես նաև ընդլայնել գործընկերային փոխգործակցությունը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, համահունչ է կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը:

Հարգելի Նիկոլ Վովայի,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»:      

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Ուղերձում նշված է.

«Մեծարգո վարչապետ,

Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։

Միացյալ Նահանգները ողջունում է մեր երկրների սերտ համագործակցությունը և ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին միտված Ձեր կառավարության հանձնառությունը։ Մենք զորավիգ ենք իրավունքի գերակայությունը հարգող կոռուպցիայից զերծ ժողովրդավարական երկրում ապրելու հայ ժողովրդի ցանկությանը, որն արտահայտվեց անցած տարի Հայաստանով մեկ տեղի ունեցած խաղաղ գործողությունների ընթացքում։ Մենք ողջունում ենք Մինսկի խմբի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական լուծում գտնելու հարցում Ձեր անձնական ներգրավվածությունը։

Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև արդեն իսկ առկա գործընկերությունը առաջիկա տարիներին նոր թափ կստանա։ Ընդունեք իմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն այս կարևոր տոնի առթիվ»։

Կարդացեք նաև

Back to top button