
Գյումրեցի Ռիմա Գյոդակյանը, չէր կարող անգամ երբևէ պատկերացնել, որ որդու՝ 4-ամյա Արմենի հետ զբոսանքներից մեկն իրեն կտանի ստեղծելու-ստեղծագործելու, նոր ու նորովի աշխատանքներ հեղինակելու դյուրին ու հաճելի արահետներով: Խաղալիս փոքրիկի յուրովի մտապատկերներից ծնված խճաքարերով հանպատրաստից կերպարներն ու կերպարանքները դարձան մոր՝ Ռիմայի հոբբիի անկյունաքարը, որը հետագայում կամաց-կամաց վերածվեց գումար վաստակելու միջոցի:

-Երբ տղաս 4 տարեկան էր, ինքը շատ էր սիրում ավազների ու քարերի հետ խաղալ: Ու այդպես մի անգամ խաղում էինք ու ինքը պատահական գեղեցիկ քարերից ինչ- որ բան էր հավաքել: Ու որոշեցինք միասին հավաքել գեղեցիկ քարերը: Արմեն ճիշտ է չէ՞:
—Այո՛:
-Հավաքած քարերը բերում էինք տուն ու հետո սիրուն պատկերներ դնում: Հետո հետզհետե զարգացավ, դարձավ զարդ, կրծքանախշ: Հետո միացավ նրանց ճյուղը: Հիմնականում աշխատում եմ բնական նյութերով: Թեկուզ փոքրերի «սթորի սթոնսերը»: Քարերի, կճաքարերի վրա ակրիլով նկարում են ու երեխաների համար շատ հետաքրքիր խաղ է: Արմենը սիրում է դրանցով խաղալ:
Հայաստանում ի՞նչն է շատ, Աստված տվել, չի խնայել՝ քարերը: Քարեր բազմատեսակ ու բազմագույն, քարեր բազմաձև ու անտաշ: Եվ սկսվեցին որդու հետ քարերի աշխարհ Հայաստանում իրենց երևակայությանը թռիչք տվող բնանյութի փնտրտուքները:
-Քարերը հայթայթելը դժվար չէ՞, թե ամեն քարի վրա կարողանում եք իրագործել միտքը:
-Քարեր հայթայթելը չէ դժվար չէ: Ամեն քայլափոխի ինչ-որ քար գտնում ենք: Հետո շատ անգամ գնում ենք քաղաքից դուրս քարեր հավաքելու:
-Որտեղի՞ց եք հավաքում:
-Հիմնականում Ախուրյանի քարերն են: Բայց Սևանից էլ ունենք հավաքած: Հայաստանից դուրս էլ, որ գնում ենք, քար ենք հավաքում»:

Եվ այսպես, երևակայությունն ու տքնաջան աշխատանքը քարերի հետ քարանում ու վերածվում են կնոջ անկրկնելի զարդերի՝ ականջօղեր, ճարմանդներ, վզնոցներ, մատանիներ ու կրծքանախշեր:
Ստեղծագործող գեղանկարչուհի մայրիկին ու «փոքրիկ վարպետին» օգնության ձեռք է մեկնում նաև քանդակագործ ամուսինը:
-Այստեղ ունե՞ք քարեր, որոնք դեռևս զարդ չեն դարձել:
— Սրանք նոր ենք հավաքել: Արմենի հետ միասին ենք հավաքել, նաև ամուսինս է ներգրավված աշխատանքներին: Մասնագիտությամբ քանդակագործ է, և իր քանդակների պատրաստման ու տեղադրման համար ավազ ու քարեր է բերում և միասին դրանց մեջից քարեր ենք հավաքում»:
Կաշվից, փայտից գեղագիտական նրանց նմուշներին «որդու խորհրդով» եկան հավելելու խճաքարերով մտապատկերները, գրքերը, թղթե խաղալիքները, որոնք փոքրիկների երևակայությունն ու մտահորիզոնը զարգացնելու լավագույն միջոցն են։ Արվեստագետ Ռիման կոտրել է «քարերով խաղալը վտանգավոր է» կարծրատիպը:
«Շատ մարդիկ մտածում են, որ քար է, ոնց տան երեխայի ձեռքը, հանկարծ միամիտ կհարվածեն, կվնասեն իրար։ Բայց այդպես չեմ մտածում, վնասող երեխան ամեն ինչով էլ կվնասի: Իմ կարծիքով, բնական նյութն ավելի լավ է քան՝ պլաստիկը: Տարբեր խաղեր եմ անում, սկզբից հեքիաթներ որոշեցի անել, օրինակ այստեղ «Պապն ու շաղգամն է», այստեղ նաև հիշողության խաղն է՝ նմանը նմանին բացեն, գտնեն»:

Ինչպես ասում են ախորժակն ուտելիս է բացվում: Ռիման օր օրի կատարելագործում ու զարգացնում է որդու երևակայության շնորհիվ հիմնած բիզնեսն ու նոր ապրանքանիշը՝ Դանդելայնը։ Արդեն նրա գործերով հրապուրվածների մոտ բրենդ է դարձել: Դանդելայնը՝ խատուտիկը, գեղանկարչուհու սիրած ծաղիկն է դեռևս ուսանողական նստարանից:
«Ինչի՞ Դանդելայն: Խատուտիկ է նշանակում: Երբ սկսեցի անել, ինչ որ անուն էր պետք, սակայն իմ անունով չէի ուզում: Իսկ այն, ինչ ինձ ամենամոտն էր, դա երևի խատուտիկ ծաղիկն էր, որ ինձ ամբողջությամբ կարտահայտեր: Կարելի է ասել քար՝ ծանր ու խատուտիկ՝ թեթև, նման չեն իրար, բայց ինքն ավելի շատ գաղափարական առումով է մոտ»:
Ռիման ամենևին չէր վախենում, որ քարը մշակելիս իր նուրբ ձեռքերը փոքր ինչ կոշտանում են: Յուրահատուկ ճաշակի կանանց համար պատրաստած տարատեսակ զարդերը մոռացության գիրկն են տանում նրան ու նորանոր մտահաղացումների ճանապարհ հարթում:

Աշխատանքները ներկայացնում են շարքերով՝ ծառերի ու ծաղիկների, կերպարների ու կերպարանքների տեսքով: Եվ այս ամենը գեղազարդվում են նաև Հայաստանի և արտերկրի պատվիրատուների ցանկությամբ: Հիմա, երբ հետդարձի ճանապարհով մտովի անցնում է, հիշում է խճաքարերից իր փոքրիկ առաջին ստեղծագործությունը, որից էլ սկսվեց իր ամենօրյա հաճելի ու արդյունավետ զբաղմունքը:
Իսկ մեր զրույցի ընթացքում փոքրիկ «տուն պահողը» առանձնացել ու համեստորեն իր հերթական գլուխգործոցն էր մտմտում, որի մասին ոչ մի կերպ չփորձեց բարձրաձայնել:




