
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծն Ազգային ժողովում արդեն շրջանառության մեջ է: «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծն արդեն ուղարկել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով և ընդդիմադիր խմբակցություններին:
Փաստաթղթում, որը բաղկացած է 94 էջից, հեղինակները ներկայացրել են ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթացը, որը նախաձեռնել է խորհրդարանական մեծամասնությունը, իրականացվել է Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում։
Խմբակցությունը բոլոր հիմքերը գնահատել է բավարար, այդ իսկ պատճառով հանդես է եկել նախագծով։ Վարդանյանը չի կիսում այն մոտեցումը, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման առնչությամբ նախաձեռնված գործընթացը ճնշում է դատարանի հանդեպ: Նա նման որակումները մանիպուլյացիա է համարում:
«Ուզում եմ, որ հանրությունը հստակ իմանա, թեև գործընթացը նախաձեռնվել է Ազգային ժողովում, բայց այդ հիմքերի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանի տիրույթում է։ Փորձ է արվում այս ամենի մեջ տեսնել քաղաքական գործընթաց։ Նախկինում ասում էին՝ իրավական գործընթացների չեք դիմում, ճնշում եք գործադրում դատական համակարգի վրա, մենք ընտրել ենք այն ուղին, որը իրավական է»։
Որպես հիմք արդյոք բավարա՞ր է այն փաստը, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը քավոր-սանիկ հարաբերություններ ունեն: Պատգամավորը նկատում է, որ քավոր-սանիկ հարաբերությունները, որպես այդպիսին, բավարար չեն, բայց հարաբերությունների բնույթն ու փոխկապակցվածությունը կարող են բավարար լինել:

«Չմոռանանք նաեւ, որ ՍԴ-ում Քոչարյանի դիմումի ներկայացուցիչը ոչ թե Արամ Օրբելյանն է, այլ Արամ Վարդեւանյանը: Բայց Արամ Օրբելյանի հայտարարությունները հանգում են նրան, որ ՍԴ դիմումը կազմելու փուլում ինքը մասնակցություն է ունեցել: Դա կարող է կաշկանդել, կարող է եւ՝ ոչ: Սա միակ հիմքը չէ, որ նշված է նախագծում»:
Վլադիմիր Վարդանյանը նաև նշում է, որ վերջնական որոշումը ՍԴ տիրույթում է, ու եթե հիմքերը բավարար չլինեն, դիմումը կմերժվի:
Ինչ դիրքորոշում ունեն խորհրդարանական մյուս խմբակցությունները։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն արդեն ուսումնասիրել է նախագիծը, բայց չցանկացավ մեկնաբանել այն՝ պատճառաբանելով, թե իր դիրքորոշումը կարող է որպես սուբյեկտիվ մոտեցում ընկալվել։ Սակայն Գևորգ Պետրոսյանը համոզիչ չի համարում այն հիմքը, ըստ որի՝ Հրայր Թովմասյանն ու Արամ Օրբելյանը քավոր- սանիկ հարաբերությունների մեջ են։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում դեռ ուսումնասիրում են նախագիծը: Պատգամավոր Անի Սամսոնյանն ասում է, որ ներկայացնող կողմը պետք է փաստերով հիմնավորի, որ ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ կա:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչու են դա որպես հիմք ներկայացնում։ Եթե կա մասնավոր շահերի բախում, եթե կա հովանավորչություն և այլն, դեռ պետք է հասկանալ։ Հիմա իրավիճակ է ստեղծվել, որ իշխանությունը ընկել է իր լարած ծուղակը։ Ստեղծել է արհեստական ճգնաժամ, ու հիմա ամբողջ ուժերով պայքարում է այդ արհեստական ճգնաժամի դեմ»։
Որոշման նախագծի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-ը կամ 80 կողմ քվե: Խորհրդարանական մեծամասնությունն այդքան ձայն ունի, բայց քանի որ քվեարկությունը գաղտնի է, անակնկալների հնարավորությունը չեն բացառում անգամ «Իմ քայլում»:




