Հասարակություն

Բաքվի ցույցերի վավերագրություն. լուսանկարիչը փնտրում է կորած նկարները

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

100 լուսանկարի պատմություն: 1989թ Բաքվում տեղի ունեցող իրադարձությունները լուսանկարած Անդրեյ Ասրյանցը, տարիներ անց նեգատիվները հանձնում է Ղարաբաղ կոմիտե: «Այդ ժամանակ խոստացան նկարները հրապարակել եւ վերադարձնել, սակայն դրանք այդպես էլ չեն վերադարձվել»,- պատմում է լուսանկարիչը։

Լուսանկարիչ Անդրեյ Ասրյանցին հանդիպեցի շատ պատահական մի միջավայրում, որտեղ խոսակցության թեման քաղաքականությունն էր։  Զրույցից պարզ դարձավ, որ Անդրեյը ծնվել ու մեծացել է Բաքվում, ապրել է այնտեղ մինչև 1989 թ.-ը։ Լուսանկարչի մասնագիտությունն էլ ժառանգել է հորից։ Ասում է՝ ինձ ինչ հիշում եմ՝ լուսանկարում եմ։ 

Սակայն լուսանկարների  հետ կապված կար մի ցավոտ պատմություն, որտեղից էլ սկսվեց մեր զրուցը։ 1989թ դեկտեմբերին, երբ Բաքվում հակահայկական բազմամարդ ցույցեր էին,  Անդրեյն ապրում էր Բաքվի կենտրոնում, ամեն ինչ տեղի  էր ունենում նրա աչքի առաջ։

Պատմում  է, որ քաղաքի ամեն անկյունին  ծանոթ էր, վերցնում էր ապարատը, վավերագրում Ադրբեջանի մայրաքաղաքում հունվարյան հայկական կոտորածներին նախորդած ու դրանց հաջորդած իրադարձությունները։

Դրանք սովորական միտինգներ չէին, այդ ձայները մինչև այսօր նրա ականջներում են, իսկ աչքերի առաջ՝ հայերին սպառնացող պաստառները։

Երեխաներս, ասում է, երկար տարիներ դեռ վախենում էին ամեն ձայնից։

«Ես այդ բոլորը լուսանկարեցի՝ մոտ 100 կադր։ Հետո արդեն Երևանում այդ նկարները հանձնեցի Տեխնիկայի տուն (Ղարաբաղ կոմիտեի նստավայրը. խմբ.) Խաչիկ Ստամբոլցյանին, որը խոստացավ դրանք հրապարակելուց հետո վերադարձնել ինձ։ Սակայն  նկարներն այդպես էլ ինձ  չվերադարձրեցին։  Խաչիկ Ստոմբոլցյանը ինձ հարցրեց, թե ով է այս ամենը նկարել։ Ասացի՝ ես, զարմացավ, ասաց՝ բա չե՞ք վախեցել։ Ես  ասացի, որ եթե իր գործով զբաղվող ամեն մարդ ամեն անգամ մտածի, որ վախենում է, գուցե, որևէ  քայլ չանի։ Ինձ իսկապես Աստված  պահեց»։

Անդրեյ Ասրյանցը պատմեց, որ արդեն 30 տարի նրան այդ միտքը հանգիստ չի տալիս,  բազմաթիվ անգամ դիմել է պատկան մարմիններին, որ օգնեն վերադարձնել լուսանկարների նեգատիվները։ Խոստացել են օգնել, բայց ոչինչ չեն արել։

Խաչիկ Ստամբոլցյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հերքեց, թե ինքը լուսանկարներ է ստացել:

Անդրեյ Ասրյանցը հույսը չի կորցնում, կարծում է, մի օր կգտնվեն նեգատիվները, խոստանում է՝ երեւակելուց հետո՝ լուսանկարները իր մակագրությամբ կնվիրի «Ռադիոլուրին»։

Կարդացեք նաև

Back to top button