ԿարևորՀասարակություն

Ինչպես նպաստ ստացողից դառնալ հարկ վճարող

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Նպաստ ստացողից՝ հարկ վճարող. աշխարհում ընդունված աղքատության հաղթահարման այս բանաձևը 2017 թվականից կիրառվում է նաև Հայաստանում: Ծրագիրը պիլոտային էր՝ «Վորլդ Վիժըն» Հայաստանն է այն իրականացրել։

2018 թվականին պիլոտային ծրագրին միացել է «Իմ քայլը» հիմնադրամը։ Այսօր արդեն միացել է նաեւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը:

Գյումրիի տնակային թաղամասում ապրողների մեծ մասը նպաստառու է: Այստեղ նրանք ապրում են՝ տարրական կենցաղային պայմաններից զուրկ, իսկ սոցիալական հարցերը լուծում են այստեղ բացված միակ վագոն- խանութի օգնությամբ, այն էլ՝ պարտքով:

«Հիմնականում սնունդ են տանում, մի հատըմ ձու, շատով չեն կրնա վերցնին»:

Բոլորին չէ, որ այստեղ պարտքով մթերք է տալիս մեր զրուցակիցը.

« Գիտեցած մարդուն ենք տալիս, նպաստ ու թոշակ ստացողին: Մարդիկ չունեն, պիտի օգնես, ընդառաջես»:

Պաշտոնական տվյալներով՝  Հայաստանում 2017-ին աղքատության մակարդակը կազմել է 25.7 տոկոս, մեր երկրում ծայրահեղ աղքատ է՝ բնակչության 1.4 տոկոսը: Վերջին տարիներին Հայաստանում աղքատության հաղթահարման համար ընտրվել է ոչ թե աղքատ ընտանիքներին  նպաստ  տրամադրելու ճանապարհը, այլ՝ կոնկրետ թիրախավորված  ծրագրերի իրականացումը:

Կարևորվում է  նաև առկա ծրագրերի հասցեականության բարձրացումն ու արդյունավետության գնահատումը:

«Խոսում ենք այնպիսի ծրագրերի մասին, որոնք խրախուսում են աշխատանքը, հնարավորությունների տրամադրումը, մարդու կարողությունների զարգացումը։ Ցավոք, այդպիսի ծրագրերը պետական համակարգում շատ չեն: Եվ ընտանեկան կամ սոցիալական նպաստը համակարգում ընդգրկվածների թիվը չի փոխվում, նրանք տասնյակ տարիներ մնում են այդ համակարգում և նրանց կյանքում ոչինչ չի փոխվում»,- ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Եվ ահա 2017 թվականից Հայաստանում ՎՈՐԼԴ ՎԻԺԸՆ կազմակերպությունը պիլոտային ծրագիր է իրականացնում: Այն փորձ է  արվում նաև պետական քաղաքականության մաս դարձնել: Ընտրված 90 աղքատ ընտանիքներին անցյալ տարի «Իմ քայլը» հիմնադրամի առաջարկով միացել է  ևս 18-ը:

«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ Հայաստան» կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանը պատմում է՝ միայն  նյութական ունեցվածք կամ գույք տալով մարդկանց կյանքը չի փոխվում: Պետք էր մոտեցումը վերանայել, որոշեցին համաշխարհային փորձը կիրառել նաև այստեղ. այն  աղքատության փուլային հաղթահարում է կոչվում.  

«Աղքատության շեմից ներքև ընտանիքների հետ համակարգված աշխատանք է տարվում, արդյունքում՝ ընտանիքներն այլևս արտաքին միջամտության կարիք չեն ունենում: Սոցիալական աշխատողը կազմում է ընտանիքի զարգացման անհատական պլան»:

Սոցիալական աշխատողը վեր է հանում տվյալ ընտանիքի կարողություններն ու աջակցում աղքատ ընտանիքին շուկայում մրցունակ դառնալ: Վարսահարդար, բանջարեղենի կրպակ, հաշվապահության դասընթացներ. հաջողված պատմությունները շատ են ու տարբեր: «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյան. «Մասնագիտությունների ցանկը կդժվարանամ ամբողջությամբ ներկայացնել, ինչպես կարող են իրենց այգին այնպես մշակել, որ բերքատվությունը բարձրանա»:

 «Աղքատ ընտանիքներին աջակցելու հարցում շաբլոն լուծումներ չկան»,- ասում են նախաձեռնողները:  Ընդգծում են՝ սա աղքատության հաղթահարման լավագույն մոդելն է:

Կարդացեք նաև

Back to top button