
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
ActiveCitizen.am էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին քաղաքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով մայրաքաղաքի կյանքը:
Գաղափարների իրագործման համար քաղաքային բյուջեից հատկացվել է 500 մլն դրամ: Առաջարկների քվեարկությունը կմեկնարկի հոկտեմբերին և առավելագույն ձայներ հավաքած առաջարկները կֆինանսավորվեն:
Քաղաքացիների գաղափարների իրագործման համար Երեւանի քաղաքային բյուջեից հատկացվել է 500 միլիոն դրամ: Այսինքն, նրանք կարող են գրանցվել ActiveCitizen.am էլեկտրոնային հարթակում, առաջարկել քաղաքի զարգացման իրենց ծրագրերը: Արդեն նման 139 առաջարկ է գրանցվել համակարգում:
Ծիրանի արձանի տեղադրման առաջարկից մինչև ծիրանին նվիրված հուշարձան, հետիոտնային անցումների մոտ դպրոցականների մանեկենների տեղադրումից մինչև մանկական խաղահրապարակի, ընթերցասերների, ներգաղթյալների անվանական այգու ստեղծում, գունազարդ աստիճաններից մինչև բեմ բոլորի համար, ազատ ավտոկայանատեղիները ցույց տվող ծրագրային ապահովումից մինչև ավտոմատ ավտոկայանատեղի, կրծքով կերակրման սենյակներից մինչև կենդանիների հիգիենայի հարթակ:

«Հարթակի նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ քաղաքապետարանը և քաղաքացին միասին որոշում են կայացնում, թե ներկա պահին ինչն ունի պահանջարկ և այդ հարցերի լուծմանն է ուղղված տվյալ հարթակը»:
Զրուցակիցս 23-ամյա Մարիաննա Կնյազյանն է՝ դպրոցամերձ հետիոտնային անցումների մոտ դպրոցականների տեսքով մանեկենների տեղադրման առաջարկի հեղինակը: Գաղափարը ծնվել է ֆեյսբուքյան ակտիվ քննարկումների արդյունքում:
« Հայ օգտատերերը գրել էին, որ շատ կուզենային, որ Երևանում նույնպես նման նախագիծ լինի: Քանի որ ես շատ տեղյակ էի «Ակտիվ քաղաքացի» հարթակից որոշեցի ներկայացնեմ և քաղաքացիներն իրենք որոշեն կուզենա՞ն ունենան նման նախագիծ, թե՞ ոչ: Ինչքան գիտեմ Մասիսում մենք ունենք և ուզում էի նմանատիպը տեսնել Երևանում: Այս մանեկենները պետք է լինեն վարորդների համար տեսանելի վայրում: Եթե վարորդն անցնի, տեսնի, դա ևս մեկ անգամ կսթափեցնի իրեն, որ ավելի զգույշ լինեն»:
Առաջարկների տեղադրման համար կան որոշակի սահմանափակումներ. դրանք չպետք է գերազանցեն 30 մլն դրամը և պետք է լինեն հանրօգուտ, ասում է Կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի նորարարական համակարգերի նախագծման և զարգացման բաժնի պետ Իզաբելլա Նիկողոսյանը: Առաջարկների ընդունման վերջնաժամկետը այս ամսվա վերջն է, իսկ հոկտեմբերի 10-ից սկսվելու է քվեարկությունը և տևելու է մեկ ամիս:
«Քվեարկությունն արվում է թափանցիկ, մեր օրերի ամենաժամանակակից միջոցով: Այդ համակարգը հավաստում է, որ յուրաքանչյուր ձայն իրական է և յուրաքանչյուր ոք հետևելով հղումին, ամեն ձայնն ունի իր հղումը կարող է ստուգել, որ տվյալ քվեն իրական է»:
Ներկայացված յուրաքանչյուր առաջարկին ծանոթացել է հիմնականում թվային տեխնոլոգիաների միջոցով նորարարական առաջարկներ են: Զրուցակիցս չցանկացավ առաջարկներից որևէ մեկը տարանջատել , միայն ասաց՝ ողջունելի կլինի, եթե դրանցից շատերն իրագործվեն:
«Հետաքրքիր կլիներ, որ մարդիկ էլ ավելի շատ առաջարկներ ուղարկեին և հետագայում էլ քվեարկեին, որ ըստ իրենց ցանկության իրականացվի այն առաջարկը, որը հենց իրենք են ուզում իրենց քաղաքում տեսնել»:
Ամենաշատ ձայներ հավաքած առաջարկները կֆինանսավորվեն: Կհայտարարվի բաց մրցույթ և հաղթող ընկերությունը կիրականացնի առաջարկը: Առաջարկի հեղինակի անունը, որպես խրախուսանք, կհանրայնացվի։




