
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնը սեպտեմբերի 14-ին բացեց 28-րդ թատերաշրջանը՝ այն նվիրելով մեծանուն դերասան Սոս Սարգսյանի 90 և Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին։ Թատերաշրջանը մեկնարկեց «Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ։

Համազգային թատրոնը 28-րդ թատերաշրջանն սկսում է նոր պրեմիերաներով։ Համազգայինի՝ այս թատերաշրջանում կներկայացնի բազմաթիվ ծրագրեր և բոլորը կնվիրի թատրոնի հիմնադրի՝ Սոս Սարգսյանի 90-ամյակին։
Եթե թատրոնն իր նախորդ թատերաշրջանն սկսել էր Հայաստանի սահմաններից դուրս, ապա այս շրջանում լինելու են Հայաստանի մարզերում։ Երեք պրեմիերաներ են լինելու, ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:

«Մենք մտածել ենք, որ այստեղ անպայման ներկայացնենք հաղթանակած պատմություններ։ Իզուր չէ, որ մեր միասնական ճանապարհն սկսել էինք «Հաղթանակի գենեզիսը» ներկայացնելով՝ այդ կերպ խորհրդանշելով, որ մենք պատմելու ենք հաղթանակած պատմություններ։ Իսկապես, ուզում եմ, որ մենք գտնենք այսօրվա հերոսին և փորձենք նրան նմանակել, թատրոնում սա կարևոր է»,- նշեց Գրիգորյանը։
Հավանաբար հաջորդ տարի թատերաշրջանի մեկնարկը կտրվի արդեն նոր կառուցվող շենքից։ Տնօրեն Արման Նավասարդյանը ասում է՝ շինարարները խոստացել են՝ հաջորդ ամառ թատրոնի շենքը պատրաստ կլինի:

Նարինե Գրիգորյանն ասում է, որ ամբողջ ամառ դերասաններն աշխատել են, որպեսզի պրեմիերաների պակաս չլինի։ Ու մինչ Նարինե Գրիգորյանը շփվում է լրագրողների հետ՝ տնօրեն Արման Նավասարդյանն արդեն որպես դերասան շտապում է կուլիսներ, փոքր ուշ սկսվելու է ներկայացումը, որտեղ նա մարմնավորում է Լոռեցի Սաքոյի կերպարը:
Իսկ արդեն հոկտեմբերի 24- ին՝ վարպետի՝ Սոս Սարգսյանի ծննդյան օրը, հոբելյանական երեկո կլինի։




