ԿարևորՎերլուծական

Երեւանը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ. Փաշինյանի ԱՄՆ այցին ընդառաջ

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերին Երեւանը կհյուրընկալի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին։ Նրանք կմասնակցեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: ԵԱՏՄ երկրների առաջնորդներից բացի, վարչապետի հրավերով Հայաստան կժամանեն Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարները:

Մինչ հոկտեմբերի 1-ին կայանալիք պատասխանատու նիստը՝ ՀՀ վարչապետը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նիստին: Նիկոլ Փաշինյանի այցին եւ բարձրաստիճան հյուրերին հյուրընկալելուն ընդառաջ այսօր կանդրադառնանք հայ-իրանական եւ հայ-ամերիկյան հարաբերություններին:

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձը տոնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միացիալ Նահանգներ: Սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում վարչապետը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ արդեն սեպտեմբերի 24-ին Նյու-Յորքում ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի՝ աշխարհի թիվ մեկ քաղաքական ամբիոնից: Ըստ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանի, վարչապետը կներկայացնի Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որովհետև ներքաղաքական հարցերին՝  հեղափոխությանը, դրա հետևանքներին, նախորդ իր ելույթում արդեն անդրադարձել է:

«Սա այց է ԱՄՆ, բայց ֆորմալ առումով Նահանգներ այց չէ, քանի որ հանդիպումները հիմնականում ՄԱԿ-ի Վեհաժողովի շրջանակում են նախատեսված, եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախատեսված են նաեւ հանդիպումներ Լոս Անջելեսի քաղաքապետի եւ Կալիֆորնիայի նահանգապետի հետ: Չի բացառվում նաեւ որոշ կոնգրեսականների եւ սենատորների հետ հանդիպում: Մեծ հաշվով ակնկալիքներ երկկողմ հարաբերություններից պետք չէ ունենալ, քանի որ հանդիպումները բարձր մակարդակով նախատեսված չեն»,- ասում է Սուրեն Սարգսյանը:

Ըստ միջազգայնագետի, Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում չի կայանում, քանի որ հայ-ամերիկյան օրակարգն էլ այդքան հարուստ չէ, ու ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը կսահմանափակվի միայն ՄԱԿ-ի Վեհաժողովի շրջանակում նախատեսված արարողակարգային ձեռքսեղմամբ եւ փոխադարձ ողջույնով: Ըստ Սուրեն Սարգսյանի, Թրամփի հետ հանդիպում կազմակերպելն առհասարակ բարդ է, իսկ ՄԱԿ-ի Վեհաժողովի շրջանակում առավել քան բարդ է, քանի որ հարյուրավոր պետությունների ղեկավարներ են գտնվում Նյու-Յորքում:

«ՀՀ արտգործնախարարն է ասել, որ եթե կարիք լինի վարչապետը կարող է հեռախոսը վերցնել, բնականաբար, ԱՄՆ գործընկերները այնտեղից կպատասխանեն: Ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի, բայց քանի որ կարեւոր ոչինչ չունենք ասելու, հույժ կարեւոր, դրա համար էլ ամենաբարձր մակարդակով հանդիպում, երկխոսություն չի լինում»:

Իրանի եւ ՌԴ նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների կիրառումն անդրադառնում է նաեւ Հայաստանի տնտեսության վրա: Արդո՞ք սա խնդիր չէ, որը կարելի է ներկայացնել ամերիկացի գործընկերներին:

Ըստ Սուրեն Սարգսյանի, մեր իշխանությունները հաշվարկներ չունեն, թե որքանով է տուժել ՀՀ տնտեսությունը՝ Իրանի եւ ՌԴ-ն նկատմամբ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներից։

ՙԵրբ լինեն հաշվարկներ, հուսով եմ, կներկայացվի եւ փոխհատուցման մեխանիզմներ կմշակվեն Վաշինգտոնի կողմից՝ հավասարակշռելու ՀՀ կրած տնտեսական վնասները: Նրանք էլ մտածում են, ուրեմն ամեն ինչ նորմալ է: Այստեղ էլ անելիք կա»,- ասում է միջազգայնագետը եւ հայ-ամերիկյան հարաբերությունները որակում լճացման փուլում գտնվող: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նահանգներ այցից հետո արդեն տանը՝ հոկտեմբերի 1-ին, հավանական է հյուրընկալի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին՝ ԵԱՏՄ նիստի շրջանակում: Իրանագետներից շատերը վերջին օրերին նույնպես հայտարարում են, որ հայ-իրանական հարաբերություններում դրական ճեղքում չկա, քանի որ ՀՀ-ը նախաձեռնողականություն չի ցուցաբերում: Տարածաշրջանային հարցերով փորձագետ Աննա Գեւորգյանը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ է առանձնացնում, եւ չի կիսում այդ կարծիքը:

«Հարաբերությունների զարգացման մակարդակը եւ տեմպերը ես այդպես չէի գնահատի, հատկապես հաշվի առնելով, որ  հեղափոխությունից հետո բոլոր երկրների կողմից կար որոշակի հապաղող դիրքորոշում: Վարչապետի Իրան այցից հետո, եւ Իրանի նախագահի հնարավոր այցի ֆոնին հիմք չեն տալիս ասել, որ հարաբերությունները դանդաղում են: Այլ բան է, որ մենք բոլորս հեղափոխությունից հետո սպասում ենք նաեւ հեղափոխություն արտաքին քաղաքականությունում, որոնք չեն լինում՝ բախվելով օբյեկտիվ պատճառների: Օբյեկտիվ պատճառ են նաև Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների խստացումները, նոր պատժամիջոցների կիրառումը։ Իսկ Իրանի նախագահը ՀՀ-ում կքննարկի ԵԱՏՄ-Իրան հարաբերությունները, ինչպես նաեւ ազատ տնտեսական գոտու հարցը, երկաթուղու հարցը, հյուսիս-հարավ ավտոճանապարհի հետ կապված  Իրանի շահագրգռվածության վերաբերյալ արված հայտարարությունը, տարածաշրջանային հարցեր՝ քաղաքական, տնտեսական, մշակույթին վերաբերող»,- ասում է իրանագետը:

Իսկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի իշխանությունը, եւ ի՞նչ կարող են առաջարկել մեր իշխանությունները՝ Վաշինգտոնին։ Սուրեն Սարգսյանն է արձագանքում.

«Դա խաղաղապահ առաքելություններում ՀՀ-ի ներգրաված լինելն է, Սիրիայի փախստականներին ապաստան տրամադրելը, որը ԱՄՆ համար չափազանց զգայուն թեման է, կիբերհանցավորության, ահաբեկչության դեմ պայքար, շատ ուղղություններ կան, որտեղ ՀՀ-ը կարող է օգտակար լինել: Ինչպես նաեւ ամերիկյան բիզնեսի համար բացառիկ պայմաններ ձեւավորվի, որպեսզի ԱՄՆ բիզնեսը ՀՀ-ում ներդրումներ անի։ Ուղղակի դրանք պետք է գործարկվեն եւ առաջ տարվեն»:

Հայաստանը Միացյալ Նահանգների 170-րդ առևտրային գործընկերն է 193 երկրների շարքում: Ըստ միջազգայնագետի` սա կարևոր ցուցանիշ է, եթե հաշվի ենք առնում, որ Թրամփը բիզնես մտածելակերպ ունեցող գործիչ է:

Կարդացեք նաև

Back to top button