ԿարևորՀասարակություն

Թումանյանի բնակիչները ցանկանում են փողոցն անվտանգ անցնել

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Լոռու մարզի Թումանյան քաղաքի հիմնանորոգված  ճանապարհահատվածում հետիոտնային անցում չկա, և բնակիչները բազմիցս ահազանգել են պատկան մարմիններին: Սա քաղաքից մեկ այլ կետ հասնելու իրենց միակ ճանապարհն է, որը ճանապարհային համապատասխան նշաններով  չկահավորված լինելու պատճառով  վտանգավոր է հատկապես երեխաների համար:

Լոռու մարզի Թումանյան քաղաքի գլխավոր մայրուղին՝ N- 6 կոչվող հատվածը, որը հիմնանորոգվել է Տրանսպորտային  ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից, չունի հետիոտնային անցում և կահավորված չէ ճանապարհային համապատասխան  նշաններով: Դժգոհությունները Թումանյանի քաղաքացիներից են:  Ճանապարհի այդ հատվածը վտանգավոր է թե՛ վարորդների, թե՛ հատկապես երեխաների համար:

«Մեր մայրուղին է: Մեր երեխաները փողոցը հատում են գլխավոր ճանապարհով: Դպրոց, պարապմունքի, խանութ են գնում:  Մեր ճանապարհն է, մեր անցնելու ճանապարհն է:  Գոնե մի անկյուն լինի, մեր երեխեքը անցնեն »:

Դիմել են պատկան մարմիններին, սակայն արձագանք չեն ստացել, դժգոհեց  բնակչուհի Նունե  Գրիգորյանը: Խնդրին տեղյակ էր նաև Թումանյանի համայնքապետ Լևոն Զավարյանը:  «Ռադիոլուրի» ասաց, որ իր նամակներին էլ չեն արձագանքել: Միայն խոստացել են քաղաքի սկզբնամասում  տեղադրել բնակավայրի նշան, սակայն դա էլ չեն արել:

-Բայց այնտեղ բացի այդ նշանը, լուրջ քայլեր է պետք ձեռնարկել: Այդտեղով երեխաներ են անցնում ու շատ վտանգավոր է: Կամ արագաչափ  պետք է քաղաքի մուտքի մոտ դրվի կամ  արգելակող նշաններ:

-Իսկ վերգետնյա անցում կառուցելու հնարավորություններ չկա՞ն,- հարցնում եմ:

յդ հատվածում նման հնարավորություններ չկան:   

Բարեբախտաբար, դեպքեր չեն գրանցվել, սակայն դրա վտանգն ամեն րոպե կա, ասում է քաղաքապետը:  Լոռու մարզպետարանից տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանն ասաց, որ միջպետական ճանապարհը Ասիական զարգացման բանկի հետ համատեղ  իրականացնում է կապիտալ շինարարարություն և նշանները տեղադրված են:  Տեղում Թումանյանի համայնքապետից  ճշտեց խնդիրը և մեզ փոխանցեց, որ  միջպետական ճանապարհ է և այդտեղ  բնակավայր չի մտնում, դա բնակավայրին հարակցող ճանապարհ է, իսկ այդտեղ  հետիոտնային նշանները այդքան էլ հնարավոր չեն: 

«Այդտեղ հետիոտնային անցում չունենք:  Այդտեղ թույլատրվում է  90կմ/ժ արագություն»:

Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահմանի միջպետական ճանապարհի Թումանյան քաղաքի վերոնշյալ հատվածում շինարարական աշխատանքներն ավարտվել են 2018 թվականին և հարցն իրենց կազմակերպության  շրջանակներում չէ,  «Ռադիոլուրին»  տեղեկացրեց  Տրանսպորտային  ծրագրերի իրականացման կազմակերպության հանրային կապերի և տեղեկատվության մասնագետ Լիլիթ Գրիգորյանը:

Իսկ հիմնանորոգված ճանապարհահատվածում ճանապարհային նշաններն ու անվտանգության տարրերը տեղադրվել են ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցված նախագծի շրջանակներում:

«Բնակչության տեղաշարժի անվտանգության  նպատակով համայնքի  ղեկավարի խնդրանքով ճանապարհի տվյալ հատվածում երկու կողմից  կառուցվել են լրացուցիչ մայթեր: Եթե բնակչությունը ցանկանում է, որպեսզի լրացուցիչ նշաններ տեղադրվեն, ապա այդ հարցով պետք է դիմեն   ճանապարհը շահագործող կազմակերպությանը և ճանապարհային ոստիկանությանը»,- ասաց Լիլիթ Գրիգորյանը:  

«Ռադիոլուրը» դիմել է նաև Ոստիկանություն և սպասում է պատասխանի:

Կարդացեք նաև

Back to top button