ԿարևորՀասարակություն

Վարչապետի ասուլիսը՝ Վանաձորում

Վանաձորն այսօր, այսպես ասենք, «պաշտոնական» տեսք է ստանալու: Այստեղ  նախատեսված է վարչապետի հանդիպումը լրագրողների հետ: Սա  Նիկոլ Փաշինյանի  լրագրողների հետ այս տարվա երրորդ հանդիպումն է, առաջինը ՝ Երևանից դուրս:

Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների հետ հանդիպումները ժամանակային սահմանափակումներ,  որպես կանոն, չեն  ունենում: Հարցերի շրջանակն էլ բավականին լայն է լինում:  Պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսն օրինակ տևեց  հինգ ժամից ավելի: 

Որքան կտևի այս հանդիպումը, պարզ չէ: Լրագրողների հետ այս հանդիպումն ի սկզբանե  նախատեսված էր Գյումրիում, սակայն, օրերս վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ  բացատրեց, թե ինչու են փոխվել պլանները:

«Սիրելի հայրենակիցներ,  նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում: Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր եւ միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում,  եւ այս տարի եւս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր»:

Տարեսկզբին Վանաձորում անցկացվել էր  «Իմ քայլը հանուն Լոռիի»  տնտեսական համաժողովը: Հենց այստեղ էլ  վարչապետը հայտարարեց

 «Եվ ուրեմն հերիք է նստենք. վեր կենանք ու քայլենք :

Փաշինյանի քայլերն այսօր ուղղվելու են դեպի Վանաձոր։ Այստեղ նրան  սպասելու են ոչ միայն մարզային ԶԼՄ ներկայացուցիչները, այլ նաև  Երևանից  գնացած լրագրողները:  Ասուլիսը  տեղի է ունենալու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

ՄԻԳ հեռուստառադիոընկերության մեր գործընկեր Նարինե Մաթևոսյանը «Ռադիոլուրին» փոխանցեց՝ նախկինում չի հիշում, որ   երկրի առաջին դեմքը ԶԼՄ-ների հետ հանդիպի ոչ թե Երևանում, այլ՝  մարզում.

«Նման հանդիպումներն ու ասուլիսները՝ վարչապետի, երկրի առաջին դեմքի կամ ղեկավարի,   հիմնականում մայրաքաղաքում են կազմակերպել: Սա եզակի դեպք է, որ նաև մարզային լրագրողները հնարավորություն կունենան»:  

Երկրի առաջին դեմքին տրվող հարցերն  իրենց բովանդակությամբ տարբեր են: Եթե մայրաքաղաքում ավելի շատ հետաքրքում են քաղաքական ու տնտեսական հարցերը, Վանաձորում, զրուցակցիս կարծիքով,  առանցքային  կլինեն սոցիալական խնդիրները:

Զբոսաշրջություն, թեթև արդյունաբերություն, գյուղատնտեսություն. Լոռիում հիմնականում այս ուղղություններն են զարգանում:  Գյուղատնտեսությունը  ներուժ ունեցող ոլորտ է, սակայն Լոռիի 250  հազար հա  հողերից 160 հազարը չի մշակվում:  

Վերջին տարիներին մարզի  այցեքարտը դարձել է ՏՏ ոլորտը, երբ այստեղ  կառուցվեց  Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: Արդեն  5500 երիտասարդ  այստեղ ծրագրավորում է սովորել: Ու թերևս պատահական չէ, որ կառավարության ղեկավարը լրագրողների հետ որոշել է հանդիպել հենց  Վանաձորի  տեխնոլոգիական կենտրոնում:

Կարդացեք նաև

Back to top button