
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն ու իրավապաշտպանները շարունակում են դժգոհել՝ գործերի քննության մասով որևէ առաջընթաց չկա։ Իրավապահները հակադարձում են՝ բոլոր գործերով էլ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն է ընթանում։ Այդ դեպքում՝ ինչու՞ չեն համընկնում տեսակետները։
2014-ին հայկական ԶՈՒ-ում գրանցվել է ծառայության հետ կապված մահվան 44 դեպք։ 2015-ին՝ 57։ 2016-ի ապրիլյան պատերազմի արդյունքում այդ թիվը հասել է մինչև 140-ի։ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության պետ Պերճ Այվազյանի տվյալներով, դրանից հետո ունենցել ենք դեպքերի նվազման միտում, 2017-ին՝ 56 զոհ, 2018-ին՝ 37, 2019-ի սեպտեմբերի 12-ի դրությամբ՝ 15 զոհ։ Շուրջ 5․5 տարվա ընթացքում 349 զոհ։
Ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների թվի վերաբերյալ քննչական կոմիտեի ներկայացուցիչը վիճակագրություն չի ներկայացնում, բայց վստահեցնում է ՝ չկա որևէ մահվան դեպք, որի մասով միջդատական վարույթ իրականացված չլինի։
Գործերի քննության օբյեկտիվության ու թափանցիկության մասով իրավապաշտպանները վերապահումներ ունեն։ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանն ասում է, որ թավշյա հեղափոխությունից հետո մեծ հույս կար, որ տասնամյակներով ձգվող գործերն ի վերջո բացահայտվելու են։
«Պետք է հասկանալ՝ ինչ պետք է անել, որպեսզի վերականգնվի վստահությունը քննչական մարմինների նկատմամբ։ Որպես ՀՀ քաղաքացի ինձ համար չափազանց կարևոր է այդ վստահությունը պետական մարմնի նկատմամբ»։

Քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված խմբի աշխատանքից դժգոհ է նաև «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։
«Այս խմբում քննչական կոմիտեն իրեն պահում է այնպես, որ ինքը թելադրողի դերում է»։
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը համոզված է՝ խնդիրը համակարգային է և դրա արմատները պետք է ավելի խորքային շերտերում փնտրել։
«ԶՈւ-ում գործել է հարաբերությունների մի մոդել՝ չգրված կանոններով։ Գործել է յուրայիններին չնեղացնելու սկզբունքը, որպեսզի համակարգը կուռ մնա և ռեպրեսիվ մեքենան աշխատի անխափան»։
«Քար անտարբերություն։ Մեր գործերը դարակներում փտում են։ Ոչինչ էլ չի փոխվել». իրավիճակն այսպես է բնորոշում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:

«Որ ասում են քննչականն աշխատում է թափանցիկ, 100 տոկոսանոց սուտ է։ Իմ գործը կոնկրետ չի քննարկվում։ Չկա այդ հանձնաժողովում մեր գործը։ ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ մեր դիմումին պատասխանել է, թե մեր գործերով հանձնաժողով է ստեղծվել։ Ոչ կարդում են, ոչ ստուգում են՝ կա՞ն մեր գործերը հանձնաժողովում, թե՞ ոչ։ Դա էլ չեն անում»։
Դժգոհություններին արձագանքելով, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության պետ Պերճ Այվազյանը վստահեցնում է.
«Բոլոր գործերով էլ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն է ընթանում։ Քննչական կոմիտեն երբևէ նման թափանցիկ գործելաոճ չի ունեցել, որքան այսօր»։
Ամեն ինչ իրականացվում է օրենքի սահմաններում՝ շեշտեց քննչական կոմիտեի ներկայացուցիչը։




