
Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր-Ստեփանակերտ
Չնայած Բաքվի ջանքերին, Արցախի ֆրանսիացի բարեկամների շրջանակը չի նեղանում: Այս օրերին դարձյալ Արցախում են «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամները՝ ֆրանսիական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական ու հասարակական գործիչներ:
Երեկ նրանք Արցախի նախագահի, Ազգային ժողովի, արտաքին գործերի նախարարության հյուրերն էին, իսկ այսօր հանդիպումները շարունակելու են Շուշիում:
Արցախի ֆրանսիացի բարեկամներն ավանդույթի համաձայն իրենց այցը սկսեցին Ստեփանակերտի հուշահամալիրից՝ խոնարհվելով ազատամարտիկների շիրիմներին եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հիշատակին:
Այդ պահին, Ֆրանսիա –Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի խոսքով, մտածում էին որ արցախցիները երբեք չեն թուլացրել պայքարը, հավատարիմ են մնացել իրենց համոզմունքներին եւ ավանդույթներին, չնայած պատմության դաժան էջերին: Այս խոստովանությունը ֆրանսիացի պատգամնավորն արեց Ազգային ժողովում Ֆրանսիա- Արցախ և Արցախ- Ֆրանսիա բարեկամության խմբերի համատեղի նիստի ընթացքում:
Վալերի Բուայեն համոզված է, որ արցախահայության պայքարը հանուն ինքնորոշման կհասնի վերջնանպատակին:
«Դուք ժողովրդավարության օրինակ եք ծառայում երկրագնդի այս տարածաշրջանի համար, որ այսքան բարդ է: Կարծում եմ, որ դուք մեզ ուժ եք տալիս: Պատմության էջերը ցույց են տալիս, որ դուք երբեք չեք թուլացրել ձեր պայքարը: Միշտ փորձել եք մնալ, ինչպիսին եղել եք»,- ասաց Ֆրանսիա—Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր-անդամ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն։
Գործընկերոջ հետ համաձայն է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար պատգամավոր Գի Տեսյեն: Արցախի խորհրդարանում նրանք խոսել են նաև Արցախի միջազգային ճանաչման հեռանկարի մասին՝ շեշտելով, որ դա պետք է տեղի ունենա ներկայիս սահմաններով: Գի Տեսիեի կարծիքով՝ երկրորդ տարբերակը հեռանկար չունի:
«Տարբեր ուժեր ու երկրներ կան, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, որ Արցախը վերադառնա Խորդային Միության կողմից որոշված սահմաններ: Այդ նեղլիկ հեռանկարն, իմ կարծիքով, անհնար է, որովհետև բավական է այցելել Արցախ ու համոզվել, որ ամեն ինչ վկայում է հայերի վաղեմի բնակության մասին այս հողի վրա»,- նշեց «Ֆրանսիա—Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Գի Տեսիեն։
Գի Տեսիեի խոսքով՝ Ֆրանսիացիներից շատերի համար սա իրավունքի, արդարության եւ ազատության խնդիր է, եւ իրենք հնարավորությունների շրջանակներում աշխատել են և աշխատելու են այդ առումով Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը իրենց դիրքորոշմանը նույնացնելու համար:
Որպես իրեն դիրքորոշման հաստատակամության նշան, երեկ Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում, որն ի դեպ, կառուցվել է Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, բարեկամության ցուցանակ է տեղադրվել՝ճանապարհային ուղեցույց-սյան տեսքով:
Դրա վրա հայերենով ու ֆրանսերենով ցուցանակներ կան Արցախի և ֆրանսիայի բարեկամ քաղաքների անուններով ու նրանց բաժանող ֆիզիկական տարածության նշումով, որն հաղթահարված է, և հուշումը՝ քաղաքական խոչընդոտները հաղթահարելուն է վերաբերում:
Չնայած ֆրանսիական դատարանի՝ քաղաքների միջև բարեկամության հռչակագրերի չեղարկմանը՝ ֆրանսիական ու արցախյան քաղաքների միջև հարաբերություներն ու այցելություները շարունակվում են: Այս օրերին Ստեփանակերտում շարունակվում է Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի շինարարությունը:




