Հայաստանի պատմամշակութային 43 վայր կդառնա Մետաքսի ճանապարհի մաս


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանի 43 պատմամշակութային վայրեր առաջիկա երկու տարվա ընթացքում Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի մաս կկազմեն, ինչը նպատակ ունի խթանել զբոսաշրջությունը, նպաստել մարզերի զարգացմանը, համագործակցության հիմք դնել ծրագրում ընդգրկված չորս երկրների Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Հունաստանի միջև: Նշված երկրներից ծրագրում ընդգրկված է 173 համայնք:
Նշված պատմամշակությին վայրերում կտեղադրվեն ուղղորդիչ նշաններ ու տեղեկատվական վահանակներ մի քանի լեզուներով: Հայկական հուշարձաներ ճանաչման ծրագրի նախագահ Ռիչարդ Նայի խոսքով՝ Հայաստան մտնող զբոսաշրջիկը կկարողանա առանց դժվարության, մշակված ճանապարհի էլեկտրոնային պորտալի միջոցով առցանց տեղեկանալ, թե որտեղ կարող է կացարան գտնել, հուշանվերներ ընտրել ու սնվել:
Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ այս ծրագիրը զբոսաշրջության ոլորտում նորարարություն է, ինչը բարդություններից զերծ կպահի Հայաստան մտնող զբոսաշրջիկին։
«Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի ծրագիրը ԵՄ հարևանության քաղաքականության մասն է կազմում և մենք վստահ ենք, որ այն նպաստի գյուղական շրջանների զարգացմանը»,- հույս հայտնեց նաև Հայաստանում ԵՄ պատվիարակության ղեկավար Տրայան Հրիսթեան։
Անհամբերությամբ ծրագրի ընձեռած հնարավություններից օգտվելուն է սպասում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, ով սիրում է կնոջ հետ այցելել Հայաստանի մարզեր ու երբեմն նաև գիշերակացի հարմարավետ վայրեր գտնելու խնդիրներ է ունենում։
Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի ծրագիրը կօգնի համագործակցություն ծավալել ծրագրում ընդգրկված չորս երկրների` Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Հունաստանի միջև: Չորս երկրների 5 գործընկերնների (երկուսը Հայաստանից) համար ԵՄ-ը հատկացրել է մոտավորապես 1 մլն 285 հազար եվրո, որից կոնկրետ Հայաստանի բյուջեն 325 հազար 545 եվրո է: Այսպիսով ամեն ինչ արվում է զբոսաշրջիկի մուտքը Հայաստան հեշտացնելու ու շրջայցը մատչելի դարձնելու համար: