Կառավարությունը առաջարկում է հաշմանդամների խնդիրների լուծման մոդելը փոխել


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր լսումներ է կազմակերպել, որի քննարկման թեման եղել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նոր նախագիծը:
Ըստ կառավարության հիմնավորումների՝ օրինագիծն այս ոլորտում իրականացվող քաղաքականության մեջ մոտեցումների ու հայեցակարգի փոփոխություն է նախանշում:
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքն ընդունվել է 1993 թվականին, և փաստորոեն գործում է արդեն 20 տարի: Կառավարությունը կարծում է, որ գործող օրենքն արդեն սպառել է իրեն և չի տալիս ոլորտում կուտակված հիմնահարցերի պատասխանները:
Մշակվել է օրենքի նոր, կառավարության հիմնավորմամբ ՝ գործողից արմատապես տարբերվող օրինագիծ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասում է, որ նոր նախագիծը ոլորտում նոր քաղաքականության սկիզբն է նախանշում։
«Մոդելի փոփոխություն ենք նախատեսնում՝ հաշմանդամության բժշկական մոդելից անցում սոցիալական մոդելին: Սրա հիմքում այն սկզբունքն է, որ 18 տարեկանից բարձր անձանց համար հաշմանդամությունը սահմանելիս հիմնական խնդիրը լիենում է պահպանված աշխատունակության սահմանումը, այսինքն՝ զբաղվածության ապահովումը, որը ինտեգրման լավագույն ու ամենակարևոր միջոցն է»:
Այսօր Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 186 հազար անձ, կամ սահմանափակ հնարավորություններ ունի երկրի բնակչության 8 տոկոսը: Նրանցից մոտ 8 հազարը կամ 8 տոկոսը երեխաներ են, 67 տոկոսը՝ աշխատունակ տարիքի անձինք և միայն 25 տոկոսն են կենսաթոշակային տարիքում:
Այս վիճակագրության մեջ կա մի ցուցանիշ, որն ամբողջությամբ արտացոլում է առկա իրավիճակը: Աշխատունակ տարիքի հաշմանդամների միայն 8 տոկոսն է, որ աշխատանք ունի:
Նոր օրինագծի նորամուծություններից մեկը աշխատաշուկայում քվոտաների ներդրումն է:
«Նախատեսվում է որոշակի թվաքանակ սահմանել, որից բարձր աշխատող ունեցող ձեռնարկությունները պարտավորված կլինեն աշխատանքով ապահովել նաև հաշմանդամություն ունեցող անձանց»:
Նոր օրինագծի մշակումն ըստ էության 2010-ին Հայաստանի կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների շրջանակում է: Դրա մշակմանը մասնակցել են միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Զրուցակիցս օրինագծի շահառուներից է: Արման Մուշեղյանից, հետաքրքվում եմ . ունի՞ արդյոք այն տպավորությունը, որ օրենսդրական նոր կարգավորումներն արմատապես փոխելու են ոլորտում վարվող քաղաքականությունը:
«Ճիշտն ասած, ես դեռ միայն ցանկություններ եմ տեսնում, խոսակցություններ, քննարկումներ: Ամեն բան չէ, որ օրենքով պետք է սահմանվի: Նախ պետք է ցանկություն լինի, և այն մարդկանց գործողություններում էլ պետք է տեսանելի լինի: Ես առայժմ կառավարության կողմից զգուշավորութուն եմ տեսնում: Օրինագծի վերջնական տարբերակն էի նոր աչքի անցկացնում, տեսա, որ մեր առաջարկները հիմնականում դուրս են մնացել»:
Արման Մուշեղյանը եվրոպական մի քանի երկրների օրինակներ է բերում, որտեղ սոցիալական ձեռնարկությունների մասին օրենսդրական կարգավորումներ չկան, բայց այդ սկզբունքները ոչ միայն ներդրված են, այլև աշխատում են կատարյալ ձևով:
«Ավելի շատ դեմագոգիա եմ տեսնում ՝ այսպես պետք է լինի, այնպես պետք է լինի: Նույն հարմարեցման հարցը ամենատեսանելի օրինակն է. կա կառավարության որոշում, կա օրենք, որ բոլոր հաստատությունները պետք է հատուկ հարմարություններ ունենան: Ես Ազգային ժողովում եմ աշխատում, բայց մինչ իմ այնտեղ գնալը պարզվեց օրենսդիրի շենքն ընդհանրապես հարմարեցված չէ: Էլ չեմ ասում նոր մասնաշենքի մասին, որը չնայած վերջերս է կառուցվել, բայց էլի անմատչելի է: Այսինքն՝ օրե՞նք պետք է լինի հասկանալու համար, որ տարրական հարամարություններ են պետք»։
Նշեմ, որ նոր նախագիծը դեռևս լրամշակման փուլում է. այն առաջիկայում պետք է արժանանա նախ կառավարության հավանությանը, ապա քննարկման դրվի Ազգային ժողովում: