ԼՂՀ արտաքին քաղաքականության օրակարգը մնում է անփոփոխ. գերնպատակը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եւ տարբեր պետությունների հետ բազմակողմանի կապերի զարգացումն է, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր Արցախի ԱԳՆ- ում կայացած խորհրդակցության ժամանակ։
Նա ընդգծել է, որ արտաքին քաղաքականության օրակարգում եղած գերխնդիրների լուծման գործում առանձնակի կարեւորություն է ստանում տեղեկատվական-քարոզչական ոլորտը, որտեղ հիմնական շեշտն անհրաժեշտ է դնել հանրապետության եւ նրա կենսագործունեության տարբեր ոլորտների մասին ստույգ ու ճշմարտացի տեղեկատվության տարածման եւ հակառակորդի կողմից տարվող կեղծ քարոզչության դեմ պայքարի ուժեղացման վրա:
Նախագահը շեշտել է, որ այստեղ պետք է դուրս գալ պատասխանողի դիրքերից եւ լինել ավելի նախաձեռնողական, ինչի համար կան բարոյական, եւ իրավաքաղաքական բոլոր հիմքերը:
Բակո Սահակյանը կարեւորել է նաեւ արտաքին տնտեսական կապերի ոլորտում դիվանագիտության ակտիվացումը, ինչը միաժամանակ մեծապես կնպաստի ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը: