
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
«Ռադիոլուր»-ին քաղաքացին ահազանգել է, որ «Դիալաբ» կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայում հանձնած նույն անալիզից ստացել է տարբեր պատասխաններ:
«Դիալաբից հերքում են, որ իրենց մոտ հնարավոր է նման բան: Առողջապահության նախարարության մասնագետն էլ պնդում է, որ հնարավոր է նման բան, քաղաքացին կարող է անալիզի հանձման ձևը չի պահպանել:
Ինչպե՞ս են վերահսկվում լաբորատորիաները, և արդյո՞ք այս ոլորտում կա վերահսկողություն:
Հայաստանի գրեթե բոլոր բժշկական լաբորատորիաները հագեցած են վերջին սերնդի սարքավորումներով և համապատասխան մասնագիտացված բուժանձնակազմով: Սակայն ի՞նչ պահանջների պետք է բավարարեն լաբորատորիաները լիցենզիա ստանալու համար: Կան լաբորատոր ախտորոշիչ կոնկրետ տեսակներ՝ կլինիկական, բիոքիմիական, իմունաբանական, որտեղից հայտատուն ընտրում է, թե որ տեսակն է ուզում լիցենզավորել:
Կառավարության մյուս որոշմամբ՝ պետք ունենալ անհրաժեշտ սարքավորումներ ու մասնագետներ։ Այս ամենը պատրաստ լինելուն պես հայտատուն դիմում է և 23 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է լիցենզիա՝ ասում է առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանը:
«Լիցենզիա ստանալուց հետո ներկայացվում են նաև կադրային փաստաթղթերը, բժշկական թափոնների մասին պայմանագիրը և եթե բոլոր փաստաթղթղերը նորմալ են, թույլատվություն է տրվում աշխատել»:
Լիցենզավորման գործակալությունը զբաղվում է արտոնագրեր տրամադրելով, որակի վերահսկողություն չի իրականացնում: Իսկ թե որ պետական օղակն է զբաղվում դրանով, այդպես էլ չկարողացանք պարզել: Աշխատանքի ու առողջապահական տեսչական մարմնից փոխանցեցին, որ զբաղվում են փաստաթղթային շրջանառության և վարման գործառույթներով:
Քաղաքացիներից «Ռադիոլուրն» ահազանգեր ունի, որ նույն լաբորատորիայում տրամադրված անալիզի պատասխանները տարբեր են եկել:
«Այնպես ստացվեց, որ վահանաձև գեղձի հետ կապված հանձնել եմ մեզի, արյան անալիզներ «Դիալաբ» լաբորատորիայում: Հետազոտության արդյունքների հիման վրա նշանակվեց բուժում: 3 ամիս բուժվելուց հետո հարկ եղավ նորից կրկնել անալիզները: Երկրորդ հետազոտության արդյունքում ոչ մի փոփոխություն չկար: Ինձ անհանգստացրեց և զարմացրեց, որովհետև տրամաբանորեն էլ որևէ փոփոխություն հնարավոր չէր չլիներ պարամետրերի մեջ: Եվ ես փորձեցի ինքս ինձ համար: Նույն պահին վերցված մեզի անալիզը լցրեցի երկու բանկաների մեջ և իմ ու ընկերուհուս անունով հանձնեցի: Պատասխանն ինձ ապշեցրեց ու շատ զայրացրեց»:

«Դիալաբի» փոխտնօրեն Աստղիկ Սարգսյանը հերքեց, որ իրենց մոտ նման բան կարող է լինել:
« Հնարավոր չէ, որովհետև բացարձակ կապ չունի ինչ անուններով է հանձնել և ինչպես է հանձնել: Յուրաքանչյուր անալիզի տրվում է համապատասխան պատասխան: Պացիենտը կարող է վաղն էլ փորձել նույն բանն անել, մենք վստահ ասում ենք, որ նման բան հնարավոր չէ»:
Առողջապահության նախարարության Լիզենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանն էլ «Ռադիլուրին» տեղեկացրեց, որ « Դիալաբը» լիցենզավորված լաբորատորիա է:
«Դիալաբը» այո, լաբորատոր տեսակով ունի լիցենզիա: Բուժօգնության հաստատությունների լիցենզիաները տրամադրվում են անժամկետ»:
Ինչպե՞ս է ստացվում, որ լաբորատորիաները անալիզի տարբեր պատասխաններ են ստացել։ Առողջապահության նախարարի լաբորատոր գծով խորհրդական Արթուր Մելքոնյանը «Ռադիոլուրին» հայտնեց, որ հնարավոր են նման արդյունքներ, մանավանդ մեզի անալիզի դեպքում՝ ասում է:
« Վերցնել, կիսել մեզը, տալ և ակնկալել, որ նույն պատասխանը կստանաս, սխալ է, մեթոդաբանության խախտում է: Ասեմ Ձեզ, օրինակ, թվում է թե մեզը պետք է նույնը լինի, սակայն եթե առաջին պորցիան մեզի համեմատես երկրորդ պորցիայի կամ վերջինի հետ, դրանք տարբեր են, նույնը չեն»:
Այստեղ մասնագետը հակված է մտածելու, որ քաղաքացին անալիզի հանձման ձևը ճիշտ չի պահպանել:
Լաբորատորիաների և առողջապահական այլ ծառայությունների որակի վերահսկողություն Հայաստանում չի իրականացվում, նշեց «Ռադիոլուրի» բժիշկ զրուցակից Հայկ Մանասյանը: Մանավանդ լաբորատորիաների վերահսկողությունը հնարավոր կլինի ռեֆերենս լաբորատորիաների միջոցով:
Ռեֆերենս լաբորատորիան դա լավագույն սարքավորումներով և թանկարժեք ռեակտիվներով աշխատող լաբորատորիան է, որի տված արդյունքներն ամենաճշգրիտն են: Հայաստանում, սակայն, նման լաբորատորիա չկա:
«Երկու լաբորատորիա, եթե իրար հակասում են, ինչպես հասկանալ, թե դրանցից որն է ճիշտ: Դիմում ես ռեֆերենս լաբորատորիա, նա ստույգ ասում է, թե իրականությունն ինչպիսին է: Հիմա այդ դիմելու մարմինը մենք չունենք: Արտասահման կարելի է ուղարկել: Այստեղ կարելի է մեղադրել ԱՆ-ին, թե ինչու իրենք արտասահմանյան այս կամ այն լաբորատորիայի հետ չունեն պայմանավորվածություն, ինչի չունեն և նմա ն հարցերում որակի վերահկսղություն չեն անում »:
Մեր զրուցակից բժիշկը խիստ անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տալիս անալիզները ստուգել արտասահմանյան լաբորատորիաներում, քանի որ, ըստ նրա, դա այնքան էլ թանկ չէ։ Ավելի լավ է մեկ անգամ այնտեղ ստուգել, քան մի քանի անգամ՝ այստեղ, նշում է։




