Հասարակություն

Ադրբեջանում հայտնված հայերի մասին տեղեկությունը դեռ չի հաստատվում

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ադրբեջանական լրատվամիջոցներում օրերս շրջանառվող լուրի իսկությունը, թե հայ ամուսիններ են ձերբակալվել, փորձում են ճշտել հենց ՌԴ-ից: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հայտնել է, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ըստ նրա՝ ճշտում են Ռուսաստանից, քանի որ ազգությամբ հայերը ՌԴ քաղաքացիներ են, սակայն մինչ այս պահը տեղեկությունը հաստատող որևէ լուր չկա.

«ՌԴ-ում  ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ պատկան մարմինների հետ և որևէ տեղեկություն ունենալու դեպքում կտեղեկացնեն: Առայժմ ռուսական կողմից չկա անգամ հաստատում, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները շաբաթ օրվանից ակտիվորեն լուրեր են տարածել, թե Ադրբեջանում ձերբակալվել են  հայկական ծագմամբ երկու ռուսաստանցիներ:

Ձերբակալվածների անունները հայտնի չեն։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանից ժամանած ամուսնական զույգը այցելել է Գյանջա, այսինքն Գանձակ, այնտեղից էլ՝ Չայքենդ գյուղ, այսինքն հայկական անվանմամբ Գետաշեն, որտեղ ամուսինները ձերբակալվել են «կասկածելի» վարք դրսևորելու պատճառով:

Կարդացեք նաև

Back to top button