
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Այսօր Արցախում լռության օր է սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ: Ընտրությունները տեղի կունենան բոլոր 228 համայնքներում:
Ընտրողների վստահության համար պայքարում են 410 համայնքապետի և 1394 ավագանու թեկնածուներ: Ընտրողների ընդհանուր թիվը 103 014 է:
Արցախում չկա բնակավայր, որտեղ բոլորը բոլորին չճանաչեն: Նույնիսկ Ստեփանակերտում փոքր-ինչ ուշադրություն լարելուց հետո կհայտնաբերես, որ առաջին հայացքից անծանոթ մարդը։ եթե բարեկամիդ բարեկամը չէ, ապա հաստատ ընկերոջդ կամ ծանոթիդ ընկերը, բարեկամն ու ծանոթն է:
Այնպես որ, մոտ 4 շաբաթ տևած քարոզարշավի ընթացքը հիմնականում խաղաղ էր։ Ստեփանակերտում, օրինակ, թեկնածուներն ավելի շատ մրցակցում էին ավելի կրեատիվ քարոզարշավ ծավալելով՝ բակային ու կոլեկտիվ հանդիպումներին գումարելով քարոզչությունը սոցիալական ցանցերով:
Հինգ թեկնածուներից չորսը, օրինակ, ազատամարտիկների հետ հանդիպումը կազմակերպեցին համատեղ: Անախորժ դրվագներ, այնուամենայնիվ, եղան։ Ասկերանում ոստիկանությունը ընտրակաշառքի դեպքի մասին հաղորդագրություն տարածեց, Շուշիում նախընտրական համերգի ժամանակ ծեծկռտուք եղավ: Քաղաքական մեկնաբանությունների տեղիք տվեց ՀՀ կառավարության՝ երկու հասարակական կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ֆինանսավորելու որոշումը:

Որոշ ուժեր դա համարեցին միջամտություն Արցախի ներքին կյանքին: Բայց ՀՀ ԱԺ դիտորդական առաքելության փաստը նման գնահատականի չարժանացավ նույն ուժերի կողմից:
Հետաքրքիր է, որ ոչ միայն Ստեփանակերտում, այլև այլ բնակավայրերի համայնքապետերի թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում մատնանշում են Արցախում տեղական ինքնակառավարման համակարգի թերի լինելու մասին: Իրենց առաջին քայլերի շարքում շեշտում էին այն կատարելագործելու մտադրությունը։
Զարգացման խնդիրներ կան բոլոր համայնքներում: Նույնիսկ Ստեփանակերտում քաղաքային բյուջեի մի մասը ձեւավորվում է պետական դրամաշնորհով: Ինչ անել , որ համայնքներն ավելի գործուն ու ինքնուրույն դառնան:
Թեկնածուները որոշակի տեսակետներ ունեն, բայց խնդիրն այն է, որ Արցախի օրենսդրական դաշտը այդ առումով հակասական է։ ՏԻՄ օրենքով տեղական ինքնակառավարման մարմինները լիազորություններ ունեն՝ իրականում դրանք գործադրելու քիչ հնարավորություններով:
Շատ հնարավոր է, որ ընտրվող համայնքապետերն ու ավագանին գործեն նոր օրենքով: Անցած երկու տարիներին Արցախում քննարկվում էր նոր օրենքի նախագիծը՝ ողջ համակարգը փոխելու մասին:
Քաղաքական ուժերն այդպես էլ համաձայնության չեկան, թե ինչպիսի տեղական ինքնակառավարման համակարգ պիտի լինի Արցախում և ընտրություններն անցկացվում են հին օրենսդրությամբ։




