ԿարևորՄիջազգային

Ժողովրդավարից՝ բռնապետ. ռեկորդակիր առաջնորդը

Այսօր առավոտից արտասահմանյան լրատվամիջոցները որպես շտապ լուր էին հայտնում Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի մահվան փաստը: Ինչու էր նրա նկատմամբ ուշադրությունն այդքան մեծ:

Ռոբերտ Մուգաբեն, թերևս, պատմության մեջ կմնա որպես ազատագրական պայքարի խորհրդանիշ, որը հետագայում բռնապետ դարձավ: Նա կյանքից հեռացել է 95 տարեկանում, մինչ այդ շուրջ չորս տասնամյակ ղեկավարելուց հետո 2017-ի նոյեմբերին հեռացվել է իշխանությունից՝ ռազմական հեղաշրջման հետևանքով: Մուգաբեի՝ իշխանությունից, այնուհետև կյանքից հեռանալը ազդարարում է մի ամբողջ դարաշրջանի ավարտ՝ ոչ միայն իր երկրում այլև ողջ աֆրիկյան մայրցամաքում:

Ռոբերտ Մուգաբեի գործունեությունը միանշանակ չի ընկալվում: 1980 թվականին նոր-նոր անկախություն ստացած երկրի կառավարության գլուխ անցած Մուգաբեն համարվում էր հերոս, գաղութատիրության և ապարտեիդի դեմ պայքարի առաջամարտիկ: Սակայն,  եթե իր քաղաքական կարիերայի մեկնարկին նա պայքարում էր անկախության, սևամորթ բնակչության իրավունքների ընդլայնման համար, ավելի ուշ նրան սկսեցին մեղադրել մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիայի, ռասիզմի մեջ. կոշտ ռեպրեսիաներ ընդդիմության դեմ, այդ ընթացքում մոտ 20 հազար խաղաղ բնակիչների սպանություն:

Հետաքրքրականն այն է, որ 2017-ին նրա հեռանալու կապակցությամբ մարդիկ ցնծում էին այնպես, ինչպես  37 տարի առաջ, երբ Մուգաբեն դարձավ ազատ երկրի ժողովդավարական ճանապարհով ընտրված նախագահ:  Իր կյանքի մայրամուտին Արևմուտքի աչքերում Մուգաբեն վերջնականապես ձեռք բերեց բռնապետի համբավ: Այնուամենայնիվ, շատ աֆրիացիների համար նա մնում է հերոս, որը ունակ էր դիմակայել գաղութատիրական պետությունների ճնշմանը:

Կարդացեք նաև

Back to top button