ԿարևորՏնտեսական

Ի՞նչ է փոխվել տնտեսության մեջ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»


Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019թ. հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.8%-ով:

Հայաստանի տնտեսությունն  այս  տարվա հուլիսին ավելի արագ է աճել, քան հունվար-հունիս ժամանակահատվածում: Դիտարկումը  տնտեսագետ Հրանտ Միքայելյանինն է: Վերլուծելով Ազգային վիճակագրական կոմիտեի՝ օրերս հրապարակած ցուցանիշերը՝ փորձագետը նկատում է՝ աճի ամենացածր տեմպը գրանցվել է  այս տարվա  մայիս-հունիս ամիսներին:

Գյուղոլորտի տվյալներն ամսական կտրվածքով չեն հրապարակվում, սակայն, Հրանտ Միքայելյանն այս ոլորտում առաջիկայում դրական միտումներ է կանխատեսում:

Արդյունաբերության ոլորտն աճում է,  չնայած արտահանում-ներմուծում  հարաբերակցությունն էականորեն չի փոխվել:

«Տարվա սկզբին բացասական էր, հիմա՝ դրական: Ֆիզիկական անձանց կողմից արտահանումն աճել է մոտ 4,5 տոկսով, դոլարայհինով՝ 3 տոկոսով»:

Հայաստանի տնտեսությունն, ըստ պատասխանատուների, զարգանում է՝ առաջնահերթությունը տալով արտահանմանն ուղղված ծրագրերին:  Կառավարությունը խթանում է  նաև ներդրումային ծրագրերը:

«Պետք է համոզված լինենք, որ աջակցում ենք այնպիսի ծրագրերի, որոնք շղթայական ռեակցիայի են բերում և աջակցում նաև այլ ոլորտների»,- ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:           

Օտարերկրյա ուղղակի  ներդրումների մասով դինամիկան, ըստ տնտեսագետ Հրանտ Միքայելյանի, հուսադրող չէ: Զրուցակիցս, սակայն, հույս ունի, որ ցուցանիշերը ժամանակավոր են: Ներդրումների ավելացման համար մի կարևոր գործոն է մատնանշում.

«Մինչև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը  ամբողջությամբ չհանգստանա, օտարերկյա ուղղակի ներդրումներ այնքան  չպետք է ակնկալել: Ներքին ներդումներն էլ այս պահի դրությամբ այնքան է լավ միտում չունեն»:

Կարծում է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք չէ կենտրոնանալ ներդրումների վրա:

«Մի հայաստանցի վերնաշապիկներ է վաճառում վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերով, ում ընտրվելը որպես վարչապետ 2018թ.-ի մայիսին բարելավել է բիզնես միջավայրը»,-  ֆրանսիական  Լը Ֆիգարո» պարբերականում գրում է Պիեր Ավրիլը:

Տնետսագետ Հրանտ Միքայելյանը  նույնպես կարծում է, որ մրցակցային դաշտը բարելավվել է, բայց տնտեսական մոդելի փոփոխություն դեռ չի տեսնում:   

«Մրցակցային դաշտի ձևավորումը բերում է  տնտեսության ակտիվացման որոշ ոլորտներում, սակայն  ավելի շատ ստվերի կրճատում ենք տեսնում: Դա զգացվում է»:

Կանխատեսում է՝ առաջիկայում Հայաստանի տնտեսությունում ներմուծումը շարունակելու է  գերակշռող մնալ: Զրուցակիցս հիշեցնում է, որ 2014-2016թթ. արդյունաբերության ոլորտում գրանցված աճի արդյունքում արտահանում-ներմուծում հարաբերակցությունը  փոխվեց՝  2008-ի  1: 4-ի  փոխարեն  վերջին տարիներին 1: 2 էր:

«Պետք է ձգտենք, որ արտահանում -ներմուծում հարաբերակցությունը հասնի 2:3 հարաբերակցությանը՝ երկու տարվա կտրվածքով»:

Տնտեսագետները նաև նկատում են՝ գնաճային ճնշումներն ուժեղ չեն, իսկ չափավոր գնաճն աշխատում է հօգուտ բիզնեսի:

Կարդացեք նաև

Back to top button