Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Նախորդ ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում ուսումն անավարտ է թողել 367 աշակերտ, նրանցից ավելի քան 100-ը՝ սոցիալական պատճառներով: Տվյալները Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնինն են: Պատասխանատուները, սակայն, նշում են, որ տվյալներն առավել ամբողջական կդառնան, երբ հաստատվի կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման համակարգը:
Նախորդ ուսումնական տարում հանրակրթական դպրոցներից հեռացել, ուսումն անավարտ է թողել 367 աշակերտ: Նրանցից 151-ը աղջիկներ են։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ սոցիալական վատ պայմանների պատճառով դպրոցից հեռացել է 100-ից ավելի աշակերտ։ Պատկերն, ըստ մարզերի, տարբեր է:
Երևանում սոցիալական պայմանների պատճառով ուսումը չի շարունակել 48 երեխա, Լոռիում՝ 12, Շիրակում՝ 11, Արարատում՝ 7, իսկ օրինակ Վայոց ձորում և Սյունիքում՝ 1-ական երեխա։ Սրանք Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տրամադրած տվյալներն են:

Իրականում այս թիվն ավելի մեծ է, քանի որ պատճառներն էլ միայն սոցիալական չեն: Ըստ այդմ՝ միայն Երևանում 179 աշակերտ դպրոցը կիսատ է թողել: Սակայն ինչպես «Ռադիոլուրին» հայտնեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, իրենց ենթակայությամբ գործող դպրոցներում պարտուսից դուրս մնացածների մասին հստակ տեղեկություններ չունեն: Նույն պատասխանը ստացանք նաև Արարատի մարզպետարանից:
Մարզպետարանի կրթության վարչության պետ Ալբերտ Մկրտչյանը «Ռադիոլուրի» հայտնեց, որ իրենք ևս ոչ մի նման տվյալ չունեն: Մինչդեռ մարզերից պարտուսից դուրս մնացածների թվով Արարատն առաջատարն է՝ 35 աշակերտ, հաջորդում են Շիրակի և Արագածոտնի մարզերը: Լոռու մարզում պարտուսից դուրս է մնացել 23 աշակերտ: Ի տարբերություն մյուսների՝ այստեղ հաստատեցին այս տվյալը: Զրուցակիցս մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Գայանե Մամյանն է:
«Միայն Լերմոնտովո ու Ֆիոլետովո համայնքներում 15 աշակերտ պարտուսից դուրս է մնացել: Պատճառը հստակ գրվել է. ծնողը չի ցանկանում երեխային դպրոց բերել»:
Մնացած համայնքներում, որտեղ պարտուսից դուրս մնացած երեխաներ կան, պատճառները շատ տարբեր են՝ սոցիալականից մինչև բնակավայրի փոփոխություն:

«Ունենք ծնողներ, որոնց երեխաների 6 տարեկանը չի լրացել, համարում են, որ իրենց երեխան փոքր է և չեն բերում դպրոց: Ունենք երեխաներ, որոնց փաստաթղթերը դպրոցում են մնացել, բայց իրենք տեղափոխվել են արտերկիր»:
Թե ինչն է պատճառը, որ ՏԻՄ-երը լավ չեն տիրապետում իրենց տարածաշրջանում պարտուսից դուրս մնացածների մասին տվյալներին, և ընդհանրապես ինչն է պատճառը, որ երեխաները շարունակում են չօգտվել կրթության իրենց իրավունքից, հետաքրքրվեցինք ԿԳՆ-ից: Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ տվյալներն առավել ամբողջական կդառնան, երբ հաստատվի կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման համակարգը:
«Համակարգ ստեղծված է ԿՏԱԿԻ կողմից: Հայեցակարգը մշակված է, մնում է հաստատել: Երբ էլեկտրոնային համակարգը ամբողջությամբ գործի, մենք կիմանանք, թե քանի երեխա է դուրս մնացել և ինչ պատճառով: Պատճառները շատ են և անելիքը միայն կրթության նախարարությանը չէ: Համագործակցության լայն դաշտ պետք է լինի: Եվ այս համակարգը հենց այդպիսի համագործակցություն է նախատեսում»:
Երեխային հայտնաբերելուց հետո պետք է հասկանալ, թե նրա կարիքները սոցիալակա՞ն են, կրթակա՞ն, թե՞ դաստիարակչական: Դրանից հետո է միայն հնարավոր աշխատանք տանել երեխային դպրոց վերադարձնելու ուղղությամբ: Այս գործին միանալու են նաև ոստիկանությունն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:




