ԿարևորՀասարակություն

Խորովածի ծուխը տեսնում, հրշեջ են կանչում. փրկարարի առօրյան

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Նրանք փրկում են մարդկանց կյանքը, առողջությունը, նաև գույքը՝ հաճախ վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը։ Իսկ թեժ իրավիճակների պակաս չկար հատկապես ամռանը՝ խոշոր հրդեհներ մարզերի անտառապատ տարածքներում, մայրաքաղաքում։ Հիշենք Երևանի «Մալաթիա մոլ»-ում ու «Ձյունիկ» սառնարանային տնտեսությունում տեղի ունեցած վերջին խոշոր հրդեհները։

Երկուսի հրդեհաշիջման աշխատանքներն էլ, ի դեպ,  ղեկավարում էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Ոսկանյանը։

-Անընդահ ահազանգեր, ազդանշաններ…արդեն սովորել ե՞ք, թե՞ հնարավոր չէ սովորել ահազանգերին։

-Անկեղծ ասած, սովորել ենք արդեն։ Դա մեր առօրյան է։

Ահազանգերն ու տագնապային նման ազդանշանները հրշեջ-փրկարարի աշխատանքային առօրյայի անբաժան մասն են, իսկ հրշեջի մասնագիտությունը, պարզվում է, վարակիչ է. Շիրակի մարզի Ամասիա քաղաքում ծնված Արթուր Ոսկանյանի հայրն էլ մասնագիտությամբ հրշեջ էր, հրշեջ է նաև եղբայրը։

«Հրշեջի մեքենայի մեջ եմ մեծացել, տեսել եմ, սիրել եմ այդ գործը»,- ասում է փրկարար ծառայության գնդապետը։ 28 տարի, ինչ կրակներ ասես, որ չի մարել։ Հիշում է վերջին ամենածանր դեպքերը՝ «Ձյունիկ» սառնարանային տնտեսությունում ու «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում էր հենց ինքը՝  զրուցակիցս։

«Վեգայում տարածքը շատ մեծ էր, նաև այրվող նյութերն էին շատ։ Իսկ «Ձյունիկ» սառնարանային տնտեսությունում հրդեհաշիջման աշխատանքներն առանձնահատուկ էին։ Մենք զգուշանում էինք, որպեսզի ամոնիակի արտանետում տեղի չունենա։ Մեծ ծավալի ամոնիակ կար այնտեղ, եթե  արտանետում լիներ, հետևանքները շատ ծանր կլինեին»։

Հաջողեցին։ Ձեռնարկության մասնագետների մասնակցությամբ եղած ամբողջ ամոնիակը դուրս բերվեց անվտանգ տարածք։ «Հրդեհաշիջման աշխատանքը բարդ էր, որովհետև շինությունն առանձնահատկություն ուներ»,- պատմում է գնդապետ Ոսկանյանը:

 «Ձյունիկ»-ում պատերը եռաշերտ էր։ Սենյակից սենյակ կրակը անցնում էր պատերի միջով։ Հիմնական բարդությունը դա էր։ Մենք որոշում էինք՝ որտեղ է բարձր ջերմությունը, այդտեղ պատը քանդում էինք և շիջում էինք իրականացնում, որպեսզի կրակը չտարածվի»։

Արթուր Ոսկանյանը հիշեց նաև տարիներ առաջ Ազգային օպերայի բեմում բռնկված հրդեհը։ «Եթե ժամանակին կրակը չմարվեր, մեծ ողբերգություն տեղի կունենար»,- ասում է։ Մեծ ողբերգությունից հնարավոր եղավ խուսափել նաև 2002-ին  Զեյթունի հանրակացարանային համալիրում բռնկված հրդեհի ժամանակ։ Կրակը բռնկվել էր գիշերը, երբ բոլորը քնած էին։ Աղետի հետևանքները կարող էին անդառնալի լինել, բայց հաջողվեց խուսափել մարդկային կորուստներից:

Ի՞նչ է վախը, թվում է՝ մի բան է, որը չպետք է ունենա հրշեջ-փրկարար, միֆ է սա, թե ճշմարտություն, հարցիս հրշեջ-փրկարարն արձագանքում է։

«Շատերն են գայթակղվում այս աշխատանքով, բայց երբ գալիս, տեսնում են դրա կոնկրետ դժվարությունները, հետ են կանգնում»։

Ծառայության խնդիրն այսօր ընդլայնվելն է, նոր ուժերով համալրվելն ու փրկարարական խմբերը շատացնելը։ Զրուցակիցս նաև դասավանդում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, ասում է՝ լավ երիտասարդներ ունենք, մասնագիտության հանդեպ հետաքրքրություն կա։

Բայց ցավոտ մի խնդիր էլ կա՝ չարաբաստիկ սոցիալականը։ Փրկարարի 80-90 հազար դրամ աշխատավարձը, մեղմ ասած գայթակղիչ չէ։ Հոկտեմբերի մեկից աշխատավարձի բարձրացում է նախատեսվում, բայց բարձրացումը որքանո՞վ համարժեք կլինի հրշեջ-փրկարարի ծանր ու վտանգավոր աշխատանքին, առայժմ հայտնի չէ։

Մեր զրույցի առիթն օգտագործելով՝ գնդապետ Ոսկանյանը դիմեց քաղաքացիներին. «Մեր քաղաքում անընդհատ սարսափելի խցանումներ են։ Ես խնդրում եմ վարորդներին, երբ հրշեջ մեքենա եք տեսնում, զիջեք, այդ ժամանակը չափազանց թանկ է մեզ համար»։

Գնդապետ Ոսկանյանից մի մեծ խնդրանք ևս՝ կեղծ ահազանգերի մասին։ Հրշեջ ծառայությունում անընդհատ հիշում են «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմի խորովածի հայտնի դրվագը։ «Բազմաթիվ են դեպքերը, երբ ահազանգի հետքերով մեր տղաները գնում ու պարզում են, որ ընդամենը խորոված են անում։ Հարևաններն ընդամենը մի տեղից ծուխը տեսնում ու հավաքում են փրկարար ծառայության համարը»։ Ըստ զրուցակցիս, ուշադրությունն իհարկե, շատ լավ բան է, բայց ահազանգից առաջ ստուգելը վատ չէր լինի։

Կարդացեք նաև

Back to top button