
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Շրջակա միջավայրի նախարարությունը օրենսդրական փոփոխություններով փորձում է կարգավորել գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի շահագործման հնարավորությունները:
Այսօր կատարված հերթական փոփոխությունից հետո թույլատրված քանակից ավելի ամեն մեկ խմ-ից ավելի ջրառ իրականացնելիս փոքր ՀԷԿ-ի սեփականատերը տարեկան մոտ 64 մլն դրամի վնասի փոխհատուցում կտրամադրի:
Ավելի վաղ գործադիրը սահմանել էր այն գետերի ցանկը, որոնց վրա ՀԷԿ կառուցելը պարզապես արգելվում է:

Հայաստանը խստացնում է Փոքր ՀԷԿ-երի շահագործման հնարավորությունները: Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության կարգի մեջ կատարված փոփոխություններով ավելացել են ջրի օգտագործման ծավալների հետևանքով վնասի հատուցման սակագները:
Նախկինում միայն ջրի որակի փոփոխության դեպքում էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փոխհատուցում պահանջում։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի պարզաբանմամբ՝
«Բացառված էր քանակի հետ կապված հարաբերությունները, եթե ՀԷԿ-ը օգտագործում է չափաքանակից ավել ջուր, ապա այդ ավել ջրի համար օրենսդրությամբ որևէ վնասի հատուցում նախատեսված չէր»:
Արդյունքում՝ Հայաստանում գետերի մի մասը պարզապես առանց ջրի է մնացել: Կառավարությունը մոտ մեկ տարի առաջ ստիպված գետերի ցանկ սահմանեց, որոնց վրա ՀԷԿ կառուցել չի կարելի, ասենք Վայոց ձորում գտնվող Եղեգիս գետը ի վրա:
«Այդքան ՀԷԿ-եր փոքր գետերի վրա, գետը վերածում են փակ կանալի, գետն այլևս էկոհամակարգ չէ»,- ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Ռադիոլուրի» զրուցակից «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Արևիկ Հովսեփյանն ընդգծում է. «ՀԷԿ-ը շատ լավ բան է, այլընտրանքային էներգիայի աղբյուր է: Բայց եթե նորմաներով չես անում, բնությունն է վնասվում: Քանի էկոհամակարգ է վնասվել, սա բնապահպանական աղետ է»:

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչները ցավով են արձանագրում՝ Աղստև գետում ձկնատեսակները վերացել են:
«Մեր գետերում կարմրախայտ ա եղել, հիմա չկա: Մենք որ Աղստևը չէինք կարողանում անցնել, հիմա հանգիստ անցնում ենք: Ջուրը փակել են»:
Կառավարությունում խոստանում են՝ այսուհետ որևէ մեկը գետերի հետ չի կարող այդպես վարվել:
«Փոփոխությունից հետո ՀԷԿ-ը, որը մեկ խմ ավել ջրառ կիրականացնի, տարեկան մոտ 64 մլն դրամի չափով վնասի փոխհատուցում կտրամադրի: Կարգավորումը մակերևութային ու ստորգետնյա ջրերին է վերաբերում»,-ասում է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Ոլորտի պատասխանատուի տեղեկացմամբ, 127 ՀԷԿ արդեն ջրաչափով է աշխատում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝
«Ձեր նշած վիճակագրությունը նշանակում է, որ Հայաստանի փոքր ՀԷԿ-երի որ տոկոսն է արդեն ջրաչափ տեղադրել: Գործող 188 փոքր ՀԷԿ-ից 127-ն արդեն ունի ջրաչափ»:
ՀԷԿ-երի մեծ մասը էկոլոգիական թողքի մեթոդաբանություն են վերանայել՝ տեղեկացրեց շրջակա միջավայրի նախարարը: Նա հույս ունի, որ օրենսդրական փոփոխություններով ոլորտը կկարգավորվի:




