
Լրացված 17.00
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Կառավարության այսօրվա հերթական նիստում որոշում է կայացվել աջակցություն տրամադրել 2008-ի մարտի 1-2-ը տեղի ունեցած դեպքերի զոհերի ու վիրավորների ընտանիքներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հստակեցրել է, որ դա փոխհատուցում չէ, այլ աջակցություն: Փոխհատուցում կտրվի, երբ հարցով որոշում կայացնի ՄԻԵԴ-ը:
Մարտի մեկի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը կարծում է, որ կառավարության այսօրվա որոշումը չի կարող որեւէ կերպ անդրադարձ ունենալ քննվող քրեական գործի հետ:
Կառավարությունն այսօր որոշեց արդարադատության նախարարությանը գումար տրամադրել՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց միանվագ աջակցություն տրամադրելու նպատակով: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էր հարցը զեկուցողը.

«Առաջարկվում է Արդարադատության նախարարությանը պահուստային ֆոնդից տրամադրել 720 միլիոն դրամ: Հաշվարկը կատարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա: Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30 միլիոն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 միլիոն դրամ»։
ՀՔԾ տվյալների համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել է 10 անձ, առողջությանը ծանր վնաս է հասցվել՝ 10 և միջին ծանրության վնաս՝ 54 անձի։

Կառավարության այս քայլը դրական է գնահատում Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը: Նրա ձեւակերպմամբ՝ կառավարության այս քայլով, այսպիսով, պետությունը փորձում է իր առաքելությամբ իր բարձրության վրա կանգնել.
«Պետության կողմից՝ պետական մարմինների, պետական ուժերի, պետական գործիչների սխալների արդյունքում տեղի ունեցած այս ողբերգության զոհերին եւ վիրավորներին կարողանում է աջակցություն ցույց տալ, որովհետեւ պետության առաջին խնդիրը աջակցություն ցույց տալն է, ինչը նախկին իշխանությունների օրոք բացարձակ որեւէ դրսեւորում չի ունեցել: Այս նույնը կարող էին նախկին իշխանությունները, անկախ՝ ով էր արել եւ ով չէր արել, ցուցաբերեին: Իհարկե նյութականի հետ չեմ կապում մարդկանց վշտի չափը, պայքարի մտադրությունները, բայց ես կարծում եմ, որ նաեւ նյութականը կազմում է այն բոլոր վնասների ծավալի մեջ գերիշխող դերը, ինչ որ այսօր գնահատեց պետությունը»:
Կառավարությունում հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նաեւ նշեց, որ սա ոչ թե փոխհատուցում է, այլ՝ աջակցություն։ Վարչապետը պարզաբանեց նաեւ, թե ո՞ր դեպքում կարող է փոխհատուցում լինել և ի՞նչ չափի:
«Շատ կարևոր է, որ այս հարցում որոշումները կայացվեն մաքսիմալ օբյեկտիվ, բայց քանի որ ՄԻԵԴ-ը չգիտենք՝ երբ կկայացնի որոշում և չստացվի, որ կառավարությունը որևէ միջոց չի ձեռնարկում աջակցություն ցույց տալու համար: Այս որոշումը կայացնում են ԱԺ ընդունած օրենքի հիման վրա, իսկ վերջնարդյունքում այդ չափի փոխհատուցման հարցը կփակենք ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա, որ այդ իրադարձության մեջ ներգրավված անձինք չորոշեն չափը, քանի որ կարող են սուբյեկտիվ ընկալումներ լինել»:
ՄԻԵԴ-ը, վնասի փոխհատուցման չափը սահմանելիս, կարող է նաեւ հաշվի առնել Հայաստանի կառավարության կատարած այս քայլը՝ իր հեթին այսօր հստակեցրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Մարտի մեկի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի դիտարկմամբ, սակայն, ՄԻԵԴ-ի որոշումները մեր երկրի համար շատ ծանր կլինեն:
«Ցանկալի կլինի, որ ՄԻԵԴ-ի որոշումներից դուրս հաշտության եղանակով լուծվեր շատ հարցեր Հայաստանում»:
Թե կառավարության հետ տուժողների հարաբերություններն ինչպիսին կլինեն, ես չեմ կարող ասել, բայց, կարծում եմ, որ հաշտությամբ լուծելն ամենաճիշտն է՝ եզրափակեց Սեդա Սաֆարյանը:




