ԿարևորՄիջազգային

Ո՞վ է Վրաստանի ապագա վարչապետը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»

Վրաստանում վարչապետ է ընտրվում վերջին շրջանում ամենաքննադատված քաղաքական գործիչը՝ Գիորգի Գախարիան, ում հրաժարականը երկրում պահանջում են դեռ անցյալ տարվանից։

Մի շարք պաշտոնյաներ այդ ակցիաների ֆոնին արդեն հրաժարական են տվել, սակայն Գախարիայի հրաժարականի հարցը ընդհանրապես իշխանությունները օրակարգ չեն բերել։

Որոշ վերլուծաբաններ նկատում են, որ նա Իվանիշվիլիի համար խիստ անհրաժեշտ գործիչ է։

Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ողջ ամառ, այսօր ևս Գիորգի Գախարիայի գիպսե կիսանդրին է, որի վրա տեղադրված կոճակը սեղմելիս նա ներողություն է խնդրում: Այն  դրվել է նրա հրաժարականը հերթական անգամ պահանջելիս՝ Թբիլիսիում հակառուսական ակցիաները սկսվելուն պես։

Վրաստանում ամենաքննադատված նախարարը, ում հրաժարականը պահանջում են տևական ժամանակ, Պանկիսիի ձերբակալություններից, Թբիլիսիի գիշերային ակումբներում թմրանյութերի շրջանառության դեմ ոստիկանության հատուկ գործողություններից ու վերջերս նաև ռետինե փամփուշտներով ու արցունքաբեր գազով բազմամարդ բողոքի ակցիան ցրելուց հետո, ներկա իշխանությունների համար նա մնում է վարչապետի միակ թեկնածուն։   

«Պատճառն այն է, որ Գախարիան, որ եկել է բիզնեսից, համարվում է կոշտ, բայց և հստակ որոշումներ կայացնող։ Նա միակն է «Վրացական երազանք»-ից, եթե չհաշվենք քաղաքապետ Կալաձեին, որ շատ արագ դրական ռեյտինգ ձեռք բերեց»,- ասում է անկախ վերլուծաբան, Շեւարդնաձեի շրջանում Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Պետրե Մամրաձեն։

«Սուպերնախարար» համարվող Գախարիան, որ միաժամանակ և՛ Վրաստանի փոխվարչապետն էր, և՛ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ըստ Մամրաձեի, այսօր միակն է, որի վրա կարող է Իվանիշվիլին հենվել։ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, որ փաստացիորեն ավելի վաղ կուլիսների հետևից, իսկ այսօր իր հիմնադրած ուժի նախագահի պաշտոնից է ղեկավարում երկիրը, պատրաստվում է հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրություններին։

«Իվանիշվիլին կարծում է, որ Գախարիան այն գործիչն է, ում օգնությամբ նախընտրական այս տարում «Երազանքը» կարող է մասնակցել նվազագույն կորստով՝ հետ բերելով «Երազանքի» հանդեպ ժողովրդի վստահությունը»։

Ինչ վերաբերում է Վրաստանի նոր կառավարության՝ հարևանների հետ, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընթացքին, ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երևանում կարծում են, որ փոփոխություններ չեն սպասվում։

Վրացագետ Ալիկ Էրոյանցը «Ռադիոլուր»-ին ասաց․ «Իհարկե, ընդհանուր առմամբ ավանդաբար հայ-վրացական հարաբերությունները  դինամիկ են ընթանում, դրանք կարող ենք շարունակել անվանել բարիդրացիական, ջերմ, սակայն, լուրջ, շոշափելի տեղաշարժեր տարիների ընթացքում ամեն դեպքում չեն նկատվում, թեև պատրաստակամություն կողմերը մշտապես հայտնում են։ Կարծում եմ Գախարիայի նշանակման դեպքում ևս լուրջ փոփոխություններ չեն լինի»։

Հայաստանի վարչապետը հասցրել էր ջերմ հարաբերություններ հաստատել ինչպես Մամուկա Բախտաձեի, այնպես էլ նրանից առաջ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։

Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանն Ազգային ժողովում ասել է, որ մեր վարչապետը ընկերություն անել գիտի. «ՀՀ վարչապետը Վրաստանի նախկին վարչապետի հետ ընկերական հարաբերություններ ուներ, իսկ անձնական հարաբերությունները մեծ դեր են խաղում: Նորի հետ էլ կընկերանա»:  

Ի դեպ, Գեորգի Գախարիան Հայաստանում պաշտոնապես եղել է երկու անգամ՝ 2017-ի ամռանը էկոնոմիկայի նախարարի, իսկ 2018-ի փետրվարին ներքին գործերի նախարարի կարգավիճակով:

Կարդացեք նաև

Back to top button