
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող վիրավոր զինվորներն ու զինհաշմանդամները հնարավորություն ունեն մասնակցել տարաբնույթ կրթական ծրագրերի և կենտրոնի աջակցությամբ տեղավորվել աշխատանքի:
Նրանցից մոտ 20-ն արդեն աշխատանք ունի: Վերջերս էլ մեկնարկել է բիզնես պլանավորման դասընթացը: Սա հնարավորություն է տալիս հայրենիքի պաշտպաններին մշակել գրագետ բիզնեսի իրենց պլանները:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տարեկան մոտ 1500 վիրավոր զինվոր և զինհաշմանդամ բուժում է ստանում։ Այստեղ վերականգնողական բուժումից բացի զբաղվում են նաև առողջական այլ խնդիրներով՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:
«Կլինի դա ատամնաբուժական խնդիր, որը մեր ծառայությունների մեջ չի մտնում, նևրոլոգիական խնդիր, թե այլ վնասվածք, մենք զբաղվում ենք այդ բոլոր խնդիրներով: Հնարավորություն ունենք առանց հերթագրումների, առանց պետպատվերի թղթերի և բյուրոկրատական քաշքշուքների սպասելու մեր տղաներից յուրաքանչյուրին տեղավորել ցանկացած պահի ցանկացած պրոֆեսորի մոտ բուժման»:
Բացման օրվանից այստեղ բուժվող զինվորների հետ աշխատող կինեզիոթերապիստ Մինաս Արշակյանը մեր այցի պահին աշխատում էր 2002 թվականին Մարտակերտում ողնաշարի վնասվածք ստացած Ռուդիկ Սարգսյանի հետ: Վերջինս մինչև հիմա տեղաշարժվում է անվասայլակով, սակայն բուժման և իր կամքի շնորհիվ կարողանում է քիչ-քիչ, բայց նկատելի արդյունքներ գրանցել:
-Գոտկատեղից ներքև Ռուդիկի մոտ զգացողություն, շարժում չկա, սակայն գոտկատեղից վերև կան կարևոր մկաններ, որոնք զարգացնելու արդյունքում նրա կյանքը դարձնում է ավելի հեշտ: Լիովին ինքնուրույն է: Կարողանում է տեղափոխվել, հանվել, հագնվել: Սա նրանց համար առաջնային է:
-Տվյալ պահին, ի՞նչ վարժություն եք անում:

— Հիմա ուժային վարժություններ ենք ավելի շատ անում, որպեսզի բարելավենք իրենց ինքնասպասարկումը: Ամեն ինչ կարողանում է անել, սակայն սա ինչ- որ մի կուրս է, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը: Այս կուրսի ընթացքում նա կարողանում է կատարելագործել այն ամենը, ինչ որ արել է նախկինում: Հնարավորության դեպքում կարողանում է անել նոր հնարքներ իր մակարդակի համապատասխան: Ավելի լավացնել նստած բալանսը, երկար և կարճ դիրքում:
Պատահական չէ, որ կենտրոնը կոչվում է նաև Զինվորի տուն: Այստեղ բուժումը վերջացնելուց հետո էլ նրանք միշտ կապի մեջ են կենտրոնի հետ: Բուժման ծախսերի մի մասն ինքնարժեքով հոգում է ՊՆ և այս տարի «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ կարողացել են մեծացնել թողունակությունն ու շարունակել տղաների բուժումը: Կենտրոնում գործում է նաև վճարովի ծառայություն: Այդ ծառայություններից հավաքագրված գումարները կրկին ուղղվում են զինհաշմանդամների խնդիրների լուծմանը: Սակայն վերականգնողական կենտրոնը բուժումից բացի մտածում է նաև վիրավոր զինվորների և զինհաշմանդամների սոցիալականացման խնդիրների լուծում տալու մասին: Արդեն մոտ 20 զինհաշմանդամի տեղավորել են աշխատանքի:
Մյուսները այստեղ սովորում են բազմաբնույթ ծրագրեր՝ ըստ իրենց նախընտրության: Տղաները վերականգնողական կենտրոնում հնարավորություն ունեն սովորել կազմել գրագետ բիզնես ծրագրեր: Զինվորի տանը մեկնարկել է բիզնես պլանավորման դասընթաց, որը վարում է ոլորտում 20 տարվա փորձ ունեցող Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ Վահագն Ոսկանյանը: Նրա հետ հանդիպել մեզ չհաջողվեց, սակայն դասընթացից մանրամասներ փոխանցեց կրթական բաժնի համակարգող Ադրինե Նասիլյանը:
«Դասընթացի ընթացքում ինքն օգնում է կազմել ծրագիր, օգնում է ուսումնասիրել շուկան, բոլոր տեսակի հարցեր, որ կարող են առաջանալ բիզնեսի հիմնումից մինչև ընդլայնում»:
Վահագն Ոսկանյանն առաջարկել է նաև դասընթացներին ներգրավել հաջողակ բիզնեսմենների՝ իրենց փորձը վիրավոր զինվորներին ներկայացանելու և, ինչու ոչ, նաև որպես գործատու աշխատանքի վերցնելու։ Տղաները ոգևորված են: 27-ամյա Սեդրակ Շահբազյանը, որը Շամշադինում 2012 թվականին հակառակորդի դիվերսիան հետ մղելուց ստացել է ոտքի և ձեռքի հրազենային վնասվածքներ, այսօր արդեն բուժմանը զուգահեռ սեփական բիզնես հիմնելու գործին է լծված:
«Ունեմ ծրագիր, որը կապված է արագ սննդի կետ բացելու, աշխատացնելու, մարդկանց մատուցելու արագ և որակով սնունդ, որի պահանջարկը հիմա շատ կա: Հիմա փորձում եմ Վահագն Ոսկանյանի միջոցով կազմել իմ բիզնես ծրագիրը, որն ինձ կօգնի ավելի ճիշտ և ավելի շուտ հասնել այդ ամեն ինչին»:
Կենտրոնը փորձում է համագործակցել նաև պետության հետ, զինհաշմանդամներին դեղորայքով ապահովելու և առանձնակի թանկ վիրահատությունները պետպատվերի շրջանակներում իրականացնելու համար:




