ԿարևորՀասարակություն

Հավաքարարների խնջույքը

Կուշանե Չոբանյան
«Ռադիոլուր»

-Հա, բա գործի ենք էղել․․․ գործից ենք էկել։

-Ես չեմ ուզում նկարվել, կմտնեմ սեղանի տակ։

-Արդեն նկարել եմ, համ էլ աթոռի վրա գրված ա «Ռիմա»։

-Էղանք խայտառակ, ա՛յ տնաշեն։

Սեղանի շուրջ հավաքված մարդկանց Արաբկիրում պիտի որ բոլորն իմանան, բայց սրճարանում դժվար ճանաչեն:  Մարդկանց, որոնց ամեն օր համազգեստով ես տեսնում, առանց այդ համազգեստի մի տեսակ չես պատկերացնում:

Այս սեղանը գցվել է «Շենքերի կառավարում համատիրության» հավաքարարների, կոյուղագործների և սպասարկող ինժեներների համար առաջին անգամ համատիրության, գուցե և քաղաքի պատմության մեջ:

«Այս ի՞նչ առիթով են մեզ համար հյուրասիրություն կազմակերպել»,- իրար մեջ քչփչում են, հարցեր տալիս, նայում ղեկավարությանը։

Սա յուրատեսակ շնորհակալություն է ձեզ աղբի այս ճգնաժամի պայմաններում մեր թաղը մաքուր պահելու համար, — պատասխանում է համատիրությունների գծով փորձագետ Տիգրան Դավուդյանը: 

Դատարկ բաժակները լցվում են: Ոտքի է կանգնում համատիրության գլխավոր ինժեներ Հենզել Մամյանը.

-Մեր աշխատանքն անշնորհակալ աշխատանք ա, բայց եթե էս գործի մեջ ենք, ուրեմն պետքա համբերատար լինենք ու զիջող, որ մեր ժողովուրդը գոհ մնա։ Բոլորիդ առողջություն եմ ցանկանում։

Երբեմն շքամուտքում աշխատող մաքրուհիներին բնակիչները քաղցրեղեն են հյուրասիրում, սուրճի հրավիրում, բայց, հոտնկայս, հավաքարարի կենաց այս քաղաքում հնչում է, երևի, առաջին անգամ:

Սեղանի շուրջ զրույցների թեմաները խիստ մասնագիտական են: Քաղաքն այսքան կեղտոտ երբեք չի եղել:

-Աստիճանաբար կլավանա, ուղղակի խառնողներ շատ կան, որոնք Փաշինյանին չեն սիրում։

-Էսքան տարի ես էս բնագավառում աշխատում եմ, նման բան չեմ տեսել։

-Էս տարի ահավոր ա։

Հավաքարարները ճգնաժամին փորձում են ըմբռնումով մոտենալ: Պարզ է, որ ստիպված ավելի շատ են աշխատում: Ու եթե բնակիչներն էլ ըմբռնումով մոտենային ու այս «նեղ մաջալին» մի քիչ պակաս աղտոտեին, գուցե քաղաքն այս վիճակում չհայտնվեր: 

-Որ բերում են ու իրանց զիբիլը շատ ա լինում, անցքից գցում են, ինչ թափվեց, էնտեղ մնում ա։ Իրանք մինիստրներ են․․․

Տիկին Ռիման ասում է՝ քաղաքացիներն իրեն հարգանքով են վերաբերվում, բայց երբ տեսնում է, թե ոմանք ի՜նչ փութաջանությամբ են աղբը նետում լցված աղբարկղի կողքը, նեղվում է: Ինքը՝ տիկին Ռիման, իր աղբը թափելիս առավոտյան մի կանգառ վերև է բարձրանում, ինչ է թե դատարկ աղբաման գտնի: Չձանձրանալու համար էլ շանն է հետը վերցնում:

-Շանս, որ հանում եմ ման տալու, աղբը ձեռսա, քայլում եմ մի կանգառ, աղբաման եմ գտնում դատարկ, որ լցնեմ մեջը։ Շանս էլ ման եմ տալիս ու գնում տուն։

Համատիրության ղեկավար Էդիկ Ղազարյանի կարծիքով՝ աղբն այն հարցը չէ, որ վարչապետ ու քաղաքապետ պետք է նստեին ու քննարկեին միասին։ Ինձ տային, մի ամիս հետո մաքուր Երևան կտայի մարդկանց:

Տիգրան Դավուդյանն է խառնվում զրույցին, վարչապետի ու քաղաքապետի լայվը նայել է, հարցին երկու կողմից է մոտենում։ Միայն քաղաքացու տեսանկյունից չէ, որ պիտի նայել, այլ նաև ներդրողի։ Պիտի այնպես անենք, որ ներդրողները չվախենան մեզնից․

-Ինձ թվում է, որ վարչապետը հատուկ արեց այս լայվը, որ Հայաստանում ներդրումներ անողները ճիշտ հասկանան ամեն բան։ Թե չէ արտասահմանցի ներդրողներին վախեցնել պետք չէ, նրանք ճկուն ու բարենպաստ միջավայր են փնտրում ներդրումների համար։

Աղբաշատ, շոգ ու բուրումնավետ այս ամառը գուցե մի անսպասելի ազդեցություն էլ ունենա: Երևանցիները գուցե վերջապես հասկանան, որ հավաքարարի աշխատանքը ամենապատվաբերներից մեկն է:

Առանց սրտացավության «քոռ կոպեկով» այս գործը չես անի: Երևանին մի արձան է պակասում. խոլերայի համաճարակից քաղաքը փրկած հավաքարարի արձան: Բայց ոչ ցախավելը ձեռքին, այլ սեղանի շուրջ վաստակած հոգնությամբ շնորհակալության խոսքեր լսելիս: 

Կարդացեք նաև

Back to top button