
Սահմանադրական դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը:
Սդ որոշման մեջ ասված է.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր:
2.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ սահմանադրական դատարանի այսօրվա որոշման եզրափակիչ մասը: Նա մասնավորեցրեց՝ երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է, և դա հակասում է Սահմանադրությանը:
Փաստաբանն ասաց՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հոդվածը Սահմանադրությանը համապատասխանում է, սակայն 35-րդ հոդվածն ընդհանուր է, իսկ 135-րդը ավելի նեղ կարգավորում է, սակայն դրանք միմյանց լրացնող հոդվածներ են, չեն կարող կիրառվել առանձին:

Վարդևանյանն ասաց, որ ՍԴ որոշումը քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին է վերաբերում, որ պարտադիր հաշվի են առնվում, երբ որոշումը տրվում է:
«Բարձր դատարանի կողմից արձանագրվեց՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը չի կարող կիրառվել, այսինքն՝ խախտվել է վերջինիս անձնական ազատության իրավունքը»,- հայտնեց նա:
Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ է, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու մեջ և գտնվում է կալանքի տակ:




