ԿարևորՎերլուծական

Բախտաձեի հրաժարականը. ո՞վ կլինի Վրաստանի նոր վարչապետը

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Մամուկա Բախտաձեն այլևս վրացական կառավարության ղեկավարը չէ. վարչապետը ֆեյսբուքյան գրառմամբ է տեղեկացրել հրաժարականի մասին: Նա որոշումը չի հիմնավորել,  միայն նկատել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Վրաստանում հաջողվել է կարգավորել ռազմավարական զարգացման համակարգը և այդ իմաստով այս փուլում իր առաքելությունը կատարված է համարում: Վրացական կառավարության ղեկավարը գրել է հետևյալը. «Վրաստանի վարչապետի պաշտոնում մեր երկրին ծառայելը ինձ համար մեծ պատիվ էր և նաև մեծ պատասխանատվություն: Ես եղել եմ և կշարունակեմ լինել «Վրացական երազանք»-ի անդամ և մեր երկրի հավատարիմ զինվորը»:

Վրաստանը խորհրդարանական պետություն է, հետևաբար, լիազորությունների մեծ մասը կենտրոնացած է գործադիր իշխանության ղեկավարի ձեռքերում, իսկ նախագահի լիազորություններն ավելի շատ ներկայացուցչական բնույթի են: Երկրի մայր օրենքի համաձայն, իր լիազորությունները վարչապետից հետո վայր կդնի նաև նրա ղեկավարած նախարարների կաբինետը:

Վերջին մի քանի շաբաթներին ակտիվորեն խոսվում էր Բախտաձեի սպասվող հրաժարականի մասին, և այն անակնկալ անվանել չի կարելի:

Ո՞րոնք են հրաժարականի քաղաքական պատճառները:

Հավանական պատճառների  մեջ այդ թվում նշվում են ամռան ամիսներին երկրում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները, ավելի ստույգ, բողոքի գործողությունները, որոնք սկիզբ էին առել Թբիլիսիում ՌԴ Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման կոմիտեի ղեկավար Սերգեյ Գավրիլովի հետ միջադեպը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստում: Ցուցարարները վիրավորանք են համարել, որ ռուս պատգամավորը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը։ Բացի այդ, մի շարք վրացական ԶԼՄ-ներ հաղորդել էին, թե Գավրիլովը կռվել է Աբխազիայում։ Հունիսին եղավ աղմկահարույց հրաժարական, իր լիազորությունները վայր դրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, ինչը ռուսական պատվիրակության այցից հետո սկիզբ առած բողոքի գործողությունների մասնակիցների պահանջներից էր: Այս  իրադարձությունն ի դեպ, հատկապես ակտիվ այսօր հիշեցնում են ռուսական լրատվամիջոցները:

Խոսելով Վրաստանի ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին վրացագետ Ալիկ Էրոյանցը հիշեցնում է, որ Բախտաձեի հրաժարականն  աննախադեպ չէ 2012 թվականի քաղաքական փոփոխություններից հետո. Վրաստանն արդեն չորրորդ վարչապետն է փոխում՝ Բիձինա Իվանիշվիլի, Իրակլի Ղարիբաշվիլի, Գիորգի Կվիրիկաշվիլի, այժմ էլ՝ Մամուկա Բախտաձե:

«Նույն Ղարիբաշվիլիի մասով պատճառները չէին նշվում, այսինքն պարզաբանումը կրկին հետևյալն էր, որ վարչապետը իր կողմից նախանշված անելիքները կատարված է համարում և թողնում է պաշտոնը, որպեսզի նոր թեկնածուն իր ոճով ու իր անելիքներով գա ու շարունակի աշխատանքը: Վրաստանի ներքին քաղաքական խոհանոցում այս վերադասավորումները նորույթ չեն, դրանք կապվում են նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վարած քաղաքականության հետ: Այսինքն, այսպես է հիմնավորվում. երբ նա նկատում է, որ գործող կառավարության ղեկավարի անելիքները սպառվել են, անհրաժեշտ են փոփոխութուններ»,- նշում է վրացագետը:

Ո՞վ կղեկավարի Վրաստանի կառավարությունը.  հայտնի են վարչապետի թեկնածուների անուններ:

Թե ով կղեկավարի վրացական կառավարությունը, հայտնի կդառնա վաղը, իշխող կուսակցությունն անցկացնելու է քաղաքական խորհրդի նիստ, որից հետո էլ հայտարարելու է նոր վարչապետի անունը: Մամուլում, սակայն, այսօր արդեն շրջանառվում են անուններ՝ մասնավորապես ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիա, տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլի, ընդ որում առաջին թեկնածուն՝  Գախարիան բացի ներքին գործերի նախարարից միաժամանակ նաև երկրի փոխվարչապետն է: Եթե ընտրությունը կանգ առնի Մայա Ցկիտիշվիլիի վրա, Վրաստանը միանգամից կունենա և կին նախագահ, և կին վարչապետ:

Հնարավո՞ր է արդյոք արտաքին խաղացողների միջամտություն և արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն

Մեկնաբանելով արտաքին քաղաքական խաղացողների հնարավոր միջամտության հարցը, վրացագետը բացառում է նման հավանականությունը: «Նույն Բախտաձեն հանդիսանում է «Վրացական երազանքի» թեկնածուն, այսինքն, Բիձինա Իվանիշվիլիի հավատարիմ մարդկանցից է, այսինքն իշխող վերնախավում փոփոխություն չկա, որպեսզի արտաքին միջամտության խնդիր լինի: Կրկին պետք է գործող իշխանության ներկայացուցիչ կլինի, կրկնվեմ, որ կա թեկնածու, որի ներկայությունը որպես կառավարության ղեկավար առավել նախընտելի է», նշում է Ալիկ Էրոյանցը:

Կլինե՞ն արդյոք փոփոխություններ հայվրացական հարաբերություններում:

Վրացագետը Վրաստանում վարչապետի փոփոխությունից հետո հայ-վրացական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չի կանխատեսում: «Ընդհանուր առմամբ ավանդաբար դինամիկ զարգանում են հայ-վրացական հարաբերությունները, դրանք կարող ենք անվանել բարիդրացիական, բարեկամական, ջերմ, սակայն շոշափելի դրական տեղաշարժեր տարիների ընթացքում չենք  գրանցվում: Կողմերը մշտապես պատրաստակամությունը հայտնում են, բայց լուրջ արդյունք այդպես էլ չունենք: Եթե վերլուծելու լինենք նույն թեկնածուների մասով և եթե դիտարկենք նույն Գախարիայի թեկնածությունը, կարծում եմ ոչ մի բացասական հետևանքներ չեն լինի, գուցե և հետագայում դրական արդյունքներ լինեն: Լուրջ փոփոխություն, իհարկե, չեմ կարծում, որ լինի»:

Կարդացեք նաև

Back to top button