
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Վերջերս կառավարությունը հավանություն է տվել «քրեական ենթամշակույթ» ստեղծելն ու դրա հետ կապ ունենալը քրեականացնող օրինագծին: Այն հասցրել է հանրային հնչեղություն ստանալ եւ հակասական գնահատականների ու քննարկումների առիթ դառնալ հատկապես սոցիալական հարթակներում:
Օրինագծով առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել հանցավոր ենթամշակույթ կրողներին: Նախագծին կառավարությունը հավանություն տվեց օգոստոսի 29-ի նիստում, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ հստակեցրեց, որ խոսքը «օրենքով գողերի», «սխոդկաների» եւ նմանատիպ այլ երեւույթների մասին է: Թեման այսօր քննարկվել է «Մեդիա կենտրոն»-ի մամուլի սրահում:
Քրեական ենթամշակույթ ստեղծելն ու դրա հետ կապ ունենալը քրեականացնող իրավական ակտերի փաթեթի անհրաժեշտությունն ամենեւին էլ պայմանավորված չէ վերջին շրջանում «քրեական հեղինակությունների» ակտիվացմամբ: Այս մասին շեշտեց Արդարադատության նախարարության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփի Սարգսյանը:
«Առաջին անգամ գործնական քայլերի վրա է դրվում մեր հանրապետությունում քրեական մշակույթի դեմ պայքարը, որովհետեւ պետական մակարդակով դրսեւորվում է քաղաքական կամք՝ 0 հանդուրժողականություն ցուցաբերել քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների նկատմամբ եւ դրանց դեմ պայքարի նաեւ այս ձեւաչափը ընտրել»:
Օրինագծով առաջարկվում է քրեականացնել 4 արարք: Առաջինը՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը, ստանալը, կամ պահպանելն է:
«Երկրորդը՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար ենք նախատեսում քրեական պատասխանատվություն: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելուն, այսինքն՝ անդամակցելու կամ ներգրավվելու համար է առաջարկվում քրեական պատասխանատվություն նախատեսել: Վերջին չորրորդ հանցակազմը վերաբերում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին դիմելու կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար է նախատեսվում քրեական պատասխանատվություն»:

«Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում» եւ «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացությունների մեկնաբանությունները, Արփի Սարգսյանի խոսքով, փորձել են հնարավորինս հստակեցնել՝ հետագայում իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ չունենալու համար: ԱՆ ներկայացուցիչը, միաժամանակ հավելեց, որ միայն քրեականացումն ինքնին բավարար չէ՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում հաջողության հասնելու համար: Նախագիծը, սակայն, նրա խոսքով, անհրաժեշտ է ունենալ պայքարն արդյունավետ մղելու համար:
ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանի գնահատմամբ՝ մտավախություններն ավելի շատ կիրառման հետ է կապված:
«Իհարկե, արարքի քրեականացումը կարեւոր է եւ դրա ոչ միայն խիստ պատասխանատվությունը, այլ նաեւ՝ պատասխանատվության անխուսափելիությունը չափազանց կարեւոր է, բայց այստեղ, մենք կարծում ենք, որ պետք են բազմապրոֆիլ այլ լծակներ»:
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցի համոզմամբ նույնպես չկան գործիքները, որոնք հնարավորություն կտան օրենքն աշխատեցնելու. չարաշահումներն անխուսափելի կլինեն:
«Ինչքանով է դա իրատեսական՝ ես մեծ կասկածի տակ եմ դնում, որովհետեւ չկա հետազոտություն: Մենք կարող ենք բախվել մի իրավիճակի, որ քրեական աշխարհը իր ներքին պայմանավորվածությամբ ինչ-որ կանոններ փոխի ու մենք անընդհատ օրենքների փոխելու հետ կապված խնդիրներ ունենանք: Մենք ուղղակի իրենց ետեւից չենք հասցնելու: Շատ կարեւոր է, թե օրենքը ո՞վ է աշխատացնելու»:
Իրավապաշտպանը հավելեց, որ օրենքի անհրաժեշտությունը միանշանակ տեսնում է, սակայն, կարծում է, որ քանի դեռ դատաիրավական բարեփոխումները չեն իրականացվել՝ խոստացված վեթինգից սկսած, դրա կիրառումն անիրատեսական է լինելու:




