Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ժամանակակից պատերազմները մղվում են երկու ճակատով՝ ռազմադաշտում ու տեղեկատվական։ Զենքով ձեռք բերված հաղթանակները հաճախ ամրագրվում են նաև քարոզչությամբ։ Դժվար է թերագնահատել վավերագիրների կատարած հսկայական աշխատանքը արցախյան պատերազմի տարիներին։ Նրանցից շատերը «կռվել» են երկու զենքով՝ հրացանով ու տեսախցիկով։
Արցախյան հաղթանակում նրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր բաժինը։ Ռադիոլուրի ռեպորտաժում արցախյան պատերազմի վավերագիրներ են՝ իրենց հիշողություններով։

88-ի արցախյան շարժումը 91-ին աստիճանաբար վերածվում էր պատերազմի։ Այդ ժամանակ էլ նա հայտնվեց Գետաշենում ու Մարտունաշենում, ուր արդեն իրական պատերազմ էր խորհրդային հզոր զինտեխնիկայի դեմ: «Այնտեղ էր Թաթուլ Կրպեյանն իր ջոկատով, Սիմոն Աչիկգյոզյանը` Դեդ մականունով, «Արաբո» ջոկատի տղաները: Բոլորին նկարել եմ, բայց հիմնականում` թիկունքից»,-պատմում է կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Վարդան Հովհաննիսյանը:
«Այն ժամանակ դեռ գոյություն ուներ խորհրդային ՊԱԿ-ը: Եվ չմոռանանք, որ այն, ինչ այսօր անվանում ենք «Ազատագրական բանակ», այն ժամանակ համարվում էր զինված անօրինական կազմավորում: Խորհրդային ղեկավարության համար մեր տղաները պարզապես զինված ծայրահեղականներ էին ու գրոհայիններ: Ահա թե ինչու ևʹ Թաթուլին, ևʹ Սիմոնին, ևʹ Արթուրին, որը Թաթուլի օգնականն էր, հիմնականում նկարել եմ թիկունքից: Դա նրանց անվտանգության համար էր»:
Նրա տեսախցիկն այն ժամանակ հասցրեց վավերացնել նաև տխրահռչակ «Օղակ» գործողության մի շարք դրվագներ: ««Օղակ» գործողության ժամանակ կատարած իմ բոլոր տեսագրությունները, ցավոք, կորցրեցի, երբ գերի ընկա»,-պատմում է Հովհաննիսյանը:

Գործողությունից հետո նա մասնակցում էր գերիների փոխանակման գործընթացին, գնում էր ադրբեջանցիների հետ բանակցությունների, պայմանավորվածություններ ձեռք բերում: Բանակցությունների վերջին օրը նրան ասում են, որ դրանք այլևս ավարտված են, ձերբակալում են Վարդանին ու տեղափոխում Գանձակի բերդ: Երկու ամիս այնտեղ մնալուց հետո նրան ևս փոխանակում են:
«Գիտե՞ք, պատերազմը սկսվում է, ու որևէ մեկը չգիտի, թե այն ինչպես կավարտվի: Պատերազմն այն չէ, ինչից կարող ես հաճույք ստանալ: Ավելի հաճախ քեզ այցելում է փախչելու ցանկությունը: Բայց մեր պատերազմում դա անհնար էր, քանի որ ինքդ քեզնից փախչել չես կարող: Մենք բոլորս էլ գիտակցում էինք, որ այդ պատերազմը մեզ պարտադրված, բայց անհրաժեշտ պատերազմ է, և միակ տեղը, ուր մենք կարող էինք փախչել, առաջին գիծն էր: Մեր պայքարը միակ հնարավոր և ճիշտ ճանապարհն էր` պահպանելու այն, ինչ գտնվում էր այդ գծից այս կողմ ու կոչվում էր հայրենիք: Մեր պատերազմն իսկապես արդար էր, ու ես չափազանց ուրախ եմ, որ այն ավարտվեց հենց այդ արդարության հաղթանակով»:

Կենսագրության արցախյան շրջանը հեռուստառեժիսոր Միշա Ղազարյանի մեջ դաջվել է նախ հերոսական ու արտասովոր կերպարներով։ «Պատերազմը փոխում է վերաբերմունքը կյանքի ու մահվան հանդեպ։ Այստեղ ուրիշ է կյանքի փիլիսոփայությունը»,-ասում է արցախյան պատերազմի բովով անցած ռեժիսորը՝ կիսվելով այդ օրերի իր ապրումներով։
Անվանի կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանի որդին՝ Գրիգոր Ավետիսյանը, պատերազմ մեկնեց որպես օպերատոր, այնտեղից վերադարձավ որպես զինվորական։ Արցախում Գրիգոր Ավետիսյանի օպերատորական աշխատանքն ավարտվեց առաջին ծանր մարտից հետո, և նա դարձավ շտաբի պետ Յուրա Հովհաննիսյանի՝ 26-ի Յուրայի օգնականը:
Գրիգոր «26»-ի պաշտպանության ժամանակ եկավ մի պահ, երբ այլևս կռվող ուժեր չունեինք, իսկ թշնամին մոտենում էր: Յուրան ասաց. «Եթե մնանք, հինգ րոպեից հետո շրջափակման մեջ կլինենք, մեր գնալու ժամանակն է»: Երեք-չորս հոգով էինք, պայթյունների տակ սկսեցինք վազել, դա տևեց առնվազն 15 վայրկյան, և հանկարծ Յուրան կանգ առավ ու ասաց՝ ո՞ւր ենք վազում: Հենց այդ 15 վայրկյանների ընթացքում նրա մեջ խեղդվել էր ինքնապաշտպանական բնազդն ու հաղթել էր գիտակցությունը: Ինձ համար դա է հերոսությունը, երբ գիտելիքներդ, զգացմունքներդ, արժեքներդ, հանուն որոնց ապրում ես, հաղթում են բնազդներիդ: Երբ վախենալով մահվանից ու չափազանց սիրելով կյանքը` միևնույն է, հասկանում ես, որ կա ավելի կարևոր մի բան, հանուն որի պետք է զոհաբերվես»։

Նրանք մնացին տեղում, հայկական ջոկատները շուտով օգնության հասան։ Հարցը լուծվեց, և այդ 15 վայրկյաններն այնքան որոշիչ դարձան։
Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից նա վերցրեց տեսախցիկն ու մեկնեց ռազմաճակատի առաջին գիծ: Նրա շնորհիվ այսօր ունենք 1200 ժամ վավերագրական տեսանյութ արցախյան պատերազմի շրջանից: «Ռադիլուրի» հետ զրույցում կինոօպերատոր Շավարշ Վարդանյանին հիշողությունները տանում են 88 թվական, երբ որոշել էր մեկնել Արցախ, բայց տեսախցիկ չէր գտնում։
«Հարուստներին այն ժամանակ ցեխավիկ էին ասում, մի քանիսին դիմեցի ինձ տեսախցիկով օգնելու խնդրանքով, չտվեցին: Առաջին փոքր տեսախցիկն ինձ տվեց բանաստեղծ Գևորգ Էմինը` ասելով. «Տղաʹ ջան, դու քո կյանքն ես վտանգում, իսկ կամերան ոչինչ է»: Առաջին նկարահանումներն Արցախում կատարել եմ հենց այդ տեսախցիկով, որը հետո վերադարձրի: Պատերազմի դաշտում հինգ տեսախցիկ եմ կոտրել»։

Երեք անգամ ծանր վիրավորվել է պատերազմում, հրաշքով փրկվել, բայց երբ հարցնում եմ պատերազմի ամենածանր հիշողություններից, ասում է՝ երբ այրվեցին ժապավեններս։ Գրադի հարվածից այրված ինքնաթիռում մնացած ժապավեններում Շուշիի ազատագրումն էր։ «Շատ ցավալի էր, ամեն անգամ Շուշիի գրավում չես նկարի»,-ասում է Շավարշ Վարդանյանն ու հավելում.
«Արցախյան հաղթանակին յուրաքանչյուրս տվեց այն, ինչ կարող էր։ Այսօր շատերն են ասում, թե կարող էինք ավելին անել, ոմանք ասում են` Նախիջևանն էլ կարող էինք գրավել և այլն: Մոնթեն ասում էր. «Ես շատ բան կարող եմ գրավել, բայց արդյոք դուք կարո՞ղ եք ապահովել, պահել թիկունքը»:




