ԿարևորՔաղաքական

Այսօր Արցախը նշում է Հանրապետության օրը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր Արցախը նշում է  Հանրապետության օրը: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարվեց  ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան՝ բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ:   Ընդունվեց  «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին», որով նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքում ձևավորվեց  հայկական  երկրորդ պետությունը՝ ԼՂՀ-ն:

Մինչ սեպտեմբերի 2-ի որոշումը Արցախում և Հայաստանում  այլ որոշումներ էլ  էին ընդունվել: Այսօր էլ 28 տարի հետո քննարկվում է այն  հարցը թե արդյո՞ք հանրապետության հռչակումը  հետքայլ չէր  1988-ին հռչակված  Միացումի գաղափարից և հրաժարում՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ԼՂԻՄ Ազգային խորհրդի և  Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի միացման մասին հայտնի որոշումից: 

Պատմական նստաշրջանի մասնակիցները նշում են, որ այդ օրերին առավել սուր էր դրված  Շահումյանի հարցը:  Շահումյանի շրջանի բնակչությունը Արցախին  միանալու կողմ էր արտահայտվել. նաև դրա  ամրագրումը պիտի աներ սեպտեմբերի 2-ի նստաշրջանը:

Հանրապետության հռչակումը  պահի իրողություններով թելադրված քայլ էր՝ ասում է պատմաբան Տարոն Հակոբյանը: Նրա մենագրությունը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հռչակմանն ու պետականաշինության գործընթացին:

Իրավական տեսանկյունից ճիշտ քայլը, սակայն, այդպես էլ չապահովագրեց հայկական պետությունները պատերազմից, իսկ նորանկախ Հայաստանի Հանրապետությանն էլ՝ ագրեսորի պիտակից:

Միացման գաղափարը տարիների ընթացքում անթեղվեց։ Հակամարտության կարգավորմանը համընթաց սկսեց առաջ մղվել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը: Գործընթացն առայժմ տարբեր երկրների առանձին նահանգների ու քաղաքային խորհուրդների մակարդակում է:

2019-ը առանձնացավ նրանով, որ Արցախի և  Հայաստանի միացման գաղափարը դարձյալ թեժ թեմա դարձավ: Նախ Արցախի  պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի կողմնակիցները սկսեցին ստորագրահավաք՝ Սահմանադրությունը փոխելու և վերջին հաշվով ՀՀ քաղաքացիներին Արցախում ընտրվելու իրավունք տալու  պահանջով՝ դա հիմնավորելով միասնական քաղաքական դաշտ ունենալու  անհարժեշտությամբ:

ԿԸՀ-ն այս օրերին արդեն ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները  և Արցախի Ազգային ժողովի նոր նստաշրջանում  Սահմանադրության փոփոխման հանրաքվեի հարցը թերևս ամենաթեժ հարցերից մեկն է լինելու:

Ապա Արցախում ստեղծվեց «Միացում» միավորումը: Հիմնադիրներից քաղաքական վերլուծաբան Հրաչյա Արզումանյանը համոզված է, որ  Միացումի և Արցախի Հանրապետության անկախության գաղափարները իրար չեն հակասում:

Այդպես չեն մտածում, սակայն, միավորմանը նախապես անդամագրված ուժերի մի մասը:  «Սասնա ծռերը», օրինակ,  գտնում են, որ  Արցախը պետք է աներկբայորեն ու անմիջապես միանա Մայր Հայաստանին՝ մարզի կարգավիճակով:  Այսպիսի ներքին հակասությունների  համապատկերի վրա «Միացում» միավորումը անդամների որոշակի փոփոխություն ունեցավ:

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում պատմական իրադարձություն էր։  Արցախցիներին դիմեց Հայաստանի Հանրապետության ղեկավարը և անկյունաքարայինը՝ հնչեց «Արցախը Հայաստան է» արտահայտությունն էր, ու դրան հաջորդած «Միացումը», որ վարչապետի կոչով վանկարկեց  հրապարակը:

Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանն ասում է, որ հայկական քաղաքական միտքը այդ հայտարարությունից հետո արդեն առաջադրանք ունի. ձևակերպել այն ռազմավարությունը, որը տանելու է համազգային միացման, գաղափարական միացման։ Խոսքը ֆիզիակական  սահմանները ջնջելու մասին չէ:

Եկել է ժամը Արցախի և Հայաստանի հանրապետությունների հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու՝ ասում է զրուցակիցս: Դրա միջոցը թերևս ռազմաքաղաքական դաշինքի կնքումն է: 2019-ին այդ նպատակով դաշնակցականները Ստեփանակերտում ֆորում հրավիրեցին:  Ընդունվեց հռչակագիր, որով կոչ արվեց  Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմիններին՝ համապատասխան քայլեր ձեռնարկել հնարավորինս սեղմ ժամկետներում իրավապայմանագրային հարաբերությունների բացը լրացնելու եւ համապարփակ համագործակցության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Գործնական  քայլերը դեռ առջևում են:  

Կարդացեք նաև

Back to top button