
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Ամերիկահայ ճանաչված գիտնական Վահագն Տատրյանը /Դադրյան/ վախճանվել է կյանքի 93-րդ տարում: 1926 թ. Ստամբուլում Ցեղասպանությունը վերապրած հայերի ընտանիքում ծնված Վահագնի համար դժվար է եղել մասնագիտության ընտրությունը: Սա է թերեւս վկայում նաեւ նրա ուսումնառության ճանապարհն ու գիտության մեջ անցած ուղին. նախ ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, ապա Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները։
Գիտական շրջանակներում էլ նախ հայտնի էր որպես մաթեմատիկոս, ապա՝ սոցիոլոգ, սոցիոլոգիայի դոկտոր, իրավագետ, պատմաբան, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայոց ցեղասպանության պատմաբան և Տորոնտոյի Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով գիտական տնօրեն: 2011-17 թվականներին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հիշում է.
«Ինքն էր պատմում. 20-րդ դարասկզբի ողբերգության մասին ապագա գիտնականը լսել էր Վիեննայում ուսանելու տարիներին, երբ դասընկերներից մեկը հարցրել էր, թե արդյո՞ք կարդացել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը»: Այդ ժամանակ պատանի Դադրյանին անհայտ էին թե՛ հանրաճանաչ այդ գործը, թե՛ ողբերգական փաստերն առհասարակ: Դրանից հետո ծանոթանալով իր ընտանիքի իրական պատմությանը՝ պատմաբան-իրավագետը հետագա իր գործունեության էական մասը նվիրում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճրագործության փաստական հիմքերի եւ դրա միջազգային իրավական հիմնավորումների ժխտողականության դեմ պայքարի ուսումնասիրության հարցերին»:
Դժվար է գերագնահատել Վահագն Դադրյանի ավանդը ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաեւ ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային իրազեկվածության բարձրացման հարցում՝ ասաց դեսպան Արմեն Եգանյանը:
Շատերն են Վահագն Տատրյանին համարում հայ ցեղասպանագիտության ռահվիրա, նվիրյալ: Նա համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից է։

1970-ականներին սկսեց աշխատանքներն այդ ուղղությամբ եւ փաստացի դարձավ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման առաջամարտիկը՝ նկատում է ԵՊՀ Ցեղասպանությունների ուսումնասիրության բաժնի ղեկավար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության խորհրդի անդամ Սուրեն Մանուկյանը:
«Այն ժամանակ բավականին զարգացած էր Հոլոքոսթի ուսումնասիրությունը՝ որպես գիտաճյուղ, եւ Վահագն Դադրյանը առաջինն էր, որ փորձեց «Համեմատական ցեղասպանագիտության» միջոցով նաեւ Հայոց ցեղասպանությունը մտցնել այդ ուսումնասիրությունների դաշտ եւ հաջողեց: Հենց իր ջանքերի շնորհիվ է, որ մենք այսօր կարող ենք ասել, որ գոնե ցեղասպանագետների շրջանում Հայոց ցեղասպանության փաստն անվիճելի է, այսինքն՝ ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայոց Մեծ եղեռնի՝ ցեղասպանություն փաստը»:
Վահագն Տատրյանի ջանքերով հայոց ցեղասպանությունը հուզական շղարշից դուրս ներկայացվեց որպես գիտական, փաստագրական ստույգ, չոր իրողությունների վրա հիմնված կապիտալ, դասական գործեր ու մեծագույն ներդրում դարձան հայ ցեղասպանագիտության մեջ: Նա կարողացավ այդ կերպ մթնոլորտ ստեղծել այդ գիտության մեջ՝ նրան օժտելով գիտական անհերքելիության այդքան կարևոր հատկանիշով։ Իր նպատակների մասին մեծանուն գիտնականը մի անգամ ասել է.
«Նահատակների հիշատակը անթառամ պետք է մնա: Իմ միակ նպատակը իմ գործերով հայ նահատակների հիշատակը հավերժացնելն է: Իրավունք չունենք մոռանալու»:
Ցեղասպանագիտության տեսանկյունից հատկապես արժեքավոր են համարվում Վահագն Տատրյանի «Հայկական ցեղասպանությունը խորհրդային և պատմագիտական քննարկումներով» խորագրված 1995-ին հրատարակված աշխատությունը, «Հայոց ցեղասպանության մեջ գերմանական պատասխանատվությունը։ Պատմական ապացույցի ստուգաբանություն» վերնագրված աշխատությունը, որ հրատարակվել է անգլերենով 1996 թվականին եւ 1998-ին անգլերենով հրատարակված «Ցեղասպանության երաշխիքը։ Թուրք-հայկական հակամարտության գլխավոր բաղադրատարրեր» խորագրով մենագրությունները։
Միջազգային իրավունքի համատեքստում հայոց ցեղասպանության վերլուծությանն է նվիրված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի հիմնահարց։ Հայկական հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին և նրա նկատմամբ ժամանակակից իրավական վերաբերմունքը» անգլերենով 1989-ին հրատարակված աշխատությունը։
Վահագն Տատրյանը պարգևատրվել է մի շարք մեդալներով, այդ թվում՝ ՀՀ Մովսես Խորենացու, Սուրբ Սահակ, Սուրբ Մաշտոց մեդալներով, ՀՀ նախագահի ոսկե մեդալով, ինչպես նաեւ՝ Հարվարդի համալսարանի «Վերիտաս» ոսկե մեդալով, Ցեղասպանագետ գիտնականների միջազգային ասոցիացիայի Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:




