ԿարևորՏնտեսական

Moody’s. ինչ կտա վարկանիշի փոփոխությունը հասարակ քաղաքացուն

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանում վարկային տոկոսադրույքների նվազում է կանխատեսվում։ Նախօրեին Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ B1-ից Ba3, ինչն էլ փորձագետներին նման լավատեսության հիմք է տալիս։

Դեռ այս տարվա գարնանն էր այս կազմակերպությունը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը և Հայաստանի բանկային համակարգի կանխատեսումը «կայուն»-ից դարձրել «դրական»:  Ի՞նչ են նշանակում Moody’s-ի գնահատականները:

Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալության՝ Հայաստանի սուվերեն վարկանիշին բարձրացման  հիմքում Հայաստանի մակրոտնտեսական կայունությունը, կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգն է, հարկաբյուջետային քաղաքականությունն ու տնտեսության կառուցվածքային փոփոխությունները (ոլորտների դիվերսիֆիկացիան): 

Վարկանիշի փոփոխությունն ի՞նչ կտա Հայաստանի տնտեսությանը. ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝  Հայաստանը հուսալի  երկիր է դառնում  ներդրողների համար

«Դեռ  այնպես չէ, որ մենք որակական նոր սեգմենտ ենք տեղափոխվել: Քանի որ դեռևս գտնվում  ենք բարձր ռիսկայնություն ունեցող երկրների շարքում»: 

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ ցանկացած վարկանիշային կազմակերպության՝ ներառյալ Moody’s-ի ներկայացրած գնահատականները, անուղղակիորեն իրենց որոշակի ազդեցությունը թողնում են երկրի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման, նաև վարկանիշի առումով։ Ուստի պետք է շատ ուշադիր լինել այս գնահատականների նկատմամբ.

«Կարծում եմ, որ կառավարությունը սթափ մոտեցում է որդեգրել»:

Մանուկյանը կարևորում է այն, որ միջազգային գործընկերները հատկապես  տնտեսության դիվերսիֆիկացումն ու միջնաժամկետում 5-6 տոկոս տնտեսական աճի կանխատեսումն են ընդգծել: Վարկանիշի փոփոխությունը նաև շարքային քաղաքացու համար դրական ազդակ կլինի՝ ասում է.

«Սսովորական քաղաքացու համար սա նաև վարկերի տոկոսադրույքների նվազում է նշանակում, քանի որ երկրի  ռիսկայնությունը նվազում է, իսկ սա անուղղակիորեն արտացոլվում է ներգրավվող վարկերի էժանացման տեսքով: Հայաստանը կարող է ավելի ցածր  տոկոսներով վարկեր վերցնել»:

Ազգային վիճակագրական կոմիտեն  նախնական տվյալներ  հրապարակել է: Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ կազմել է 8.1 տոկոս: 2019 թվականի 7 ամիսների արդյունքներով (հունվար-հուլիս) տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս: Հիմնական աճն ապահովել են արդյունաբերությունը՝ 16.1 տոկոս, ծառայությունները՝ 14.9 տոկոս, առևտրի շրջանառությունը՝ 9.1, և շինարարությունը` 4.1 տոկոս:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 13 տոկոս, արտահանումը 19.5, իսկ ներմուծումը`10 տոկոս: Արդյո՞ք այս ցուցանիշերը տնտեսության դիվերսիֆիկացման մասին են փաստում՝ հարցնում եմ ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանին.

«Ցավոք դեռևս բոլոր ուղղություններով չի, որ այդ աճը կարելի է արձանագրել: Այժմ այդ աճի մեջ հիմնականը ծառայությունների ու զվարճությունների ոլորտն է, որոնց մի մասը պայմանավորված է, օրինակ, խաղադրույքների բիզնեսի աճով: Սակայն ակնհայտ է, որ մեր ոլորտի երկարաժամկետ կամ միջնաժամկետ տեսլականում այս ոլորտից կախվածությունը մենք ուզում ենք նվազեցնել:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը, խոսելով տնտեսության  համաչափ  զարգացման մասին,  հիշեցնում է՝ վերջին տարիներին հատկապես արտահանման մասով  գերակշռողը հանքարդյունաբերական արտադրանքն էր, ուստի առաջին վեց ամսվա ցուցանիշերը հակասական են։ Տնտեսագետը գյուղատնտեսությունն ու արտաքին առևտրաշրջանառությունն է մատնանշում 

«Ցավոք այս գործընթացները անպայման տեղ գտնեն փոփոխությունների շրջանում: Ցավոք սրտի չեմ տեսնում հստակ թիրախավորված  ծրագրերը, որոնք պետք է դիվերսիֆիկացիայի՝ տնտեսության բազմազանեցման բերեն»:

Մանասերյանը դրական զարգացում նկատել է՝ մասնավորը տարբեր ճյուղերում ու շարունակաբար փորձում է հաջողություն գրանցել:  Վերջին օրերին ամենաշատը քննարկվող՝  Ամուսլարի շուրջ կատարվող իրադարձություններն էլ իրենց ազդեցությունը կարող են թողեն Հայասանի  ներդրումային վարկանիշի վրա։

Արտակ Մանուկյանի խոսքով, ներդրողի համար ամենակարևորը որոշակիությունն է՝ կամայական անորոշությունը վանում է ներդրողին, ուստի որքան գործընթացը ձգձգվի, այնքան բացասական ազդեցություն է  թողնելու  ներդրումային որոշումների կայացման վրա:

Ի դեպ, այս տարվա գարնանը նույն վարկանշային կազմակերպությունը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը և Հայաստանի բանկային համակարգի կանխատեսումը «կայուն»-ից դարձրել էր  «դրական»:

Moody’s-ը միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություն է, որը  որակական և քանակական վերլուծությունների հիման վրա մեկնաբանություններ է  տալիս տարբեր երկրներում կարևորագույն քաղաքական, տնտեսական զարգացումների վերաբերյալ և սուվերեն վարկանիշ տալիս տվյալ երկրին, երկրի կառավարությանը:

Սուվերեն վարկանիշը  բնութագրում է այդ երկրի կառավարության կողմից իր առկա և սպասվելիք պարտավորությունների կատարման հավանականությունը: Այսինքն` որքան բարձր է տվյալ երկրի սուվերեն վարկանիշը, այնքան այդ երկրի կողմից իր պարտքային պարտավորությունները կատարելու ունակությունը և պատրաստակամությունը բարձր է:   

Կարդացեք նաև

Back to top button