
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Միֆ է, թե ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս օգտագործել Զինված ուժերը ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու համար: Մեր օրենսդրությունը դա թույլ է տալիս:
Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը: Ավելին, նա շեշտել է, որ 2008-ի մարտի մեկին ԶՈւ-ն միանշանակ չի օգտագործվել այն ծավալով, որը թույլատրելի է եղել օրենսդրությամբ:
Փաստաբան Կարապետ Բադալյանը, մինչդեռ, չի կիսում օրենսդրության նման մեկնաբանությունը:
Մարտի 1-ի շուրջ այս տարիներին ձևավորվել են բազմաթիվ միֆեր՝ այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ միֆերից մեկն էլ այն է, որ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս օգտագործել Զինված ուժերը ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով։

«Սա միֆ է, և այսօր դատարանում քննվող քրեական գործը շատ մեծ չափով հիմնված է այս միֆի վրա։ Իրականում, մեր օրենսդրությունը միանշանակորեն թույլ է տալիս օգտագործել զինված ուժերը ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու համար, օրինակ՝ եթե առկա են զանգվածային անկարգություններ»:
Փաստաբան Կարապետ Բադալյանը, մինչդեռ, չի կիսում օրենսդրության նման մեկնաբանությունը:
«Ես չգիտեմ՝ «միֆ» ասելով իրենք ինչ են հասկանում, բայց փաստը մնում է փաստ, որ Սահմանադրությամբ հստակ ֆիքսված է, հստակ գրված է, որ զինված ուժերը պահպանում են քաղաքական չեզոքություն: Եթե դա կարելի է մեկնաբանել այնպես, որ կարելի է ԶՈՒ-ն քաղաքական հարցեր լուծելու ժամանակ ներգրավել, դա նման մեկնաբանություն անողի խղճին եմ թողնում: Իմ կարծիքով՝ դա հստակ սահմանում է, որ նման բան չի կարող լինել»:
Հայկ Ալումյանն այսօր ներկայացրեց նաեւ միջազգային փորձում զանգվածային անկարգությունները կանխելու համար զինված ուժերի օգտագործման փաստեր: Այդպիսիք տարբեր տարիների եղել են նաեւ մի շարք առաջատար երկրներում: Կարող է տպավորություն ստեղծվել, թե այդ երկրների օրենսդրությունը թույլ է տալիս, մերը՝ ոչ, բայց ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս և միշտ թույլ է տվել՝ ձեւակերպեց փաստաբանը։ Վկայակոչեց օրենսդրությունը, մասնավորապես՝ Սահմանադրության կոնկրետ հոդվածը, որը գործել է 2008-ի մարտի 1-ին:
«ՀՀ ԶՈւ-ն ապահովում է ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Գիտենք, որ անվտանգությունը ներքին ու արտաքին սպառնալիքներից պաշտպանելու հնարավորություն է, իսկ ներքին սպառնալիքի մեջ, ի թիվս այլ հարցերի, ներառվում է նաև զանգվածային անկարգությունը, տեռորիստական ակտերը, էկոլոգիական աղետներ և այլն. անվտանգության բաղադրիչներից մեկը կարող է խախտվել զանգվածային անկարգությունների արդյունքում»:

Փաստաբան Կարապետ Բադալյանի գնահատմամբ՝ նման մեկնաբանությունն անհաջող մեկնաբանություն է:
«Դրան էլ պայմաններ կան կիրառելու: Իրենք անտեսում են նորմերի մի մասը ու փոխարենը ուշադրությունը հրավիրում են էն նորմերի վրա, որոնցով կարդարացնեն-կպատճառաբանեն իրենց սխալ եզրահանգումները»:
Երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն այսօր նաեւ շեշտեց, որ Հայաստանը ներքին պետական խնդիրներ լուծելու հարցում զինված ուժերի օգտագործման փորձ էլ ունի: Մեջբերեց 90-ականներից օրինակներ, այդ թվում՝ 96 թվականի հայտնի իրադարձությունները: Ասաց, թե այն աստիճանի, որն օրենքը թույլ է տալիս օգտագործել ԶՈւ-ն, 2008-ի մարտի 1-ին չի էլ օգտագործվել: 2-րդ նախագահի փաստաբանական խմբի անդամը նաեւ նկատեց, որ ի տարբերություն 96-ի, 2008-ին բացառվել է զինված ուժերի ուղղակի շփումը ցուցարարների հետ: Ինչ վերաբերում է զոհերի առկայությանը, ապա՝ դա ցավալի իրողություն է, եւ հայտնի չէ, թե որ կողմից են եղել կրակոցները: Զինված ուժերին կրակելու հրաման չի տրվել եւ դա քրեական գործով հաստատված է՝ եզրափակեց երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:




